Հայ բնաշխարհը յուրովի ներկայացվեց Սուրեն Մանվելյանի լուսանկարների ցուցահանդեսում
CultureԱստղազարդ երկինք, եկեղեցիներ, լեռներ և լճեր. այս ամենը կարելի է տեսնել Սուրեն Մանվելյանի լուսանկարներում, որի «Բացահայտելով Հայաստանը» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը տեղի ունեցավ փետրվարի 17–ին՝ «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում:
«Պատկերավոր նկարներ ստանալու համար ինձ ոգեշնչում է ամեն բան՝ կյանքը, բնությունը, գեղեցկությունը: Այս ցուցահանդեսին ներկայացված են վերջին մեկ տարվա ընթացքում կատարած աշխատանքներս, որոնցում պատկերված է հայոց բնաշխարհը»,-նշեց Սուրեն Մանվելյանը և հավելեց, որ լուսանկարել է վայրեր, որոնց մի մասը լայն հանրությանը ծանոթ չէ:
Լուսանկարչի խոսքով՝ ինքը նկարներում հաճախ է ֆիլտրեր օգտագործում, որոնք դրանք յուրահատուկ են դարձնում:
«Մայրամուտ նկարելիս խնդրի առաջ եմ կանգնում: Նկարի ներքևի հատվածը մութ է ստացվում, իսկ վերևի հատվածը՝ չափազանց լուսավոր: Ֆիլտրի միջոցով վերևի մասը փոքր-ինչ մգացվում է և հավասարություն է ստեղծվում»,-ընդգծեց Սուրենը:
Լուսանկարիչ Դավիթ Հակոբյանն ասաց, որ հիացած է Սուրենի աշխատանքներով և կարծում է, որ նա լավագույն բնապատկերներն է նկարում: «Սուրենը մեզ հայտնի վայրերն այնպես է մատուցել, որ զարմանք է առաջացնում: Նա կարողանում է ճիշտ օգտագործել լույսը»,-շեշտեց նա:
Ցուցահանդեսին ներկայացված է 38 նկար: Այն բաց կլինի մինչ փետրվարի 24-ը:
Սուրեն Մանվելյանը լուսանկարչությամբ է զբաղվում 2006 թվականից: Ներկայումս դասավանդում է «Միրզոյան» գրադարանում: Նա իր հայտնի մարդկային աչքեր շարքով մասնակցել է World photography awards մրցույթին և հայտնվել լավագույն տասնյակում, ինչի արդյունքում Սուրեն Մանվելյանի լուսանկարները ցուցադրվել են Անգլիայի Somerset house –ում: Վերը նշված շարքի որոշ նկարներ ներկայացվել են նաև National Geographic ամսագրում, իսկ հանրահայտ ֆրանսիացի ռեժիսոր Լյուկ Բեսոնը դրանք օգտագործել է իր ֆիլմերից մեկում: