Արմեն Ամիրյանը Երիտասարդական նվագախմբից պահանջել է բարձր ցուցանիշ սահմանել և հասնել առավելագույնին
CultureՀայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Երիտասարդական նվագախմբից պահանջել է խենթացնել քաղաքը, օգտագործել նվագախմբի երիտասարդական ներուժը:
«Ուզում եք՝ օդապարիկներով իջեք վերևից, ինչ ուզում եք արեք, միայն թե չհիասթափեցնեք ինձ: Ձեզ շատ եմ սիրում: Դուք դա կարող եք»,- նշել է նախարարը:
Ինչպես տեղեկացրեցին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից` պետության ծախսած 176 միլիոնի դիմաց մոտ երեք տոկոս շահույթը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի դեպքում մշակույթի նախարարն անընդունելի է համարել:
«Գործարար ծրագիր ներկայացրե՛ք, միասին քննարկենք, շտկենք բացերը, գնահատենք ռիսկերն ու շարժվենք առաջ»,-ՊՈԱԿ-ի հաշվետվության ներկայացումից հետո նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանին հանձնարարեց մշակույթի նախարարը:
Երիտասարդ տնօրենը ծրագիրը խոստացավ ներկայացնել երկու շաբաթից, բայց 2017-ին նախատեսվող ֆինանսական եկամտի մասով չկարողացավ հաղթահարել «համեստությունը».
-Շուրջ յոթը տոկոս:
-Քի՛չ է, չեմ ուզում ձեզ որևէ թիվ պարտադրել, բայց դուք կարող եք ապահովել ավելին:
-Կամաց-կամաց:
«Ո՛չ, միանգամից բարձր ցուցանիշ սահմանեք ու ձգտեք հասնել առավելագույնին: Օգտագործե՛ք երազելու, երևակայելու ձեր հնարավորությունը, որպեսզի լավ արդյունք ստանաք ու լավ ապրեք»,- Երիտասարդական նվագախմբին հանձնարարել է նախարարը: