Ադրբեջանը մեղադրել է ԱՄՆ-ին երկերեսանիության մեջ
International newsԱՄՆ պետդեպի կողմից Ադրբեջանում մարդու իրավունքների վատթարացող վիճակի քննադատությունը զայրացրել է պաշտոնական Բաքվին: Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Գաջիևը լրագրողների մոտ քննադատել է Վաշինգտոնի պահվածքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az-ը:
Գաջիևը հայտարարել է, թե Վաշինգտոնի կողմից հնչեցվող հայտարարությունները ժողովրդավարության և մարդու իրավունքների վերաբերյալ կանխակալ քաղաքական նպատակներ են հետապնդում և իրականում հեռու են այն սկզբունքներից ու արժեքներից, որոնք օրենքի գերակայության և ժողովրդավարության հիմքն են: «Միացյալ Նահանգները, այդպիսով ցույց տալով իր քաղաքական երկերեսանությունը, մեկ անգամ ևս ապացուցում է, որ արտաքին «սկզբունքայնությունը» օրենքի գերակայության և ժողովրդավարության հարցերում ոչ այլ ինչ է, քան քաղաքական ճնշման փորձ»,- հայտարարել է Գաջիևը' նշելով, որ համամարդկային արժեք համարվող օրենքի գերակայությունն ու ժողովրդավարությունն ԱՄՆ կողմից քաղաքական առուծախի և չարաշահման առարկա դարձնելը լուրջ անհանգստություն և ափսոսանք է առաջացնում:
ԱՄՆ պետդեպն Ադրբեջանի իշխանություններին հերթական անգամ կոչ է արել դադարեցնել ֆիզիկական և բարոյական ճնշումն իրավապաշտպան Լեյլա Յունուսի նկատմամբ և ազատ արձակել նրան: ԱՄՆ պետդեպի խոսնակ Ջեն Պսակին, միաժամանակ, հորդորել է Ադրբեջանին հարգել օրենքի գերակայությունը և ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր գործել են իրենց հիմնարար ազատությունների իրականացման համար: Պսակին նշել է, որ հենց Ադրբեջանը պետք է հետաքրքրված լինի իր քաղաքացիների ազատություններն ապահովելու գործում, քանի որ դա մտնում է պաշտոնական Բաքվի միջազգային պարտավորությունների մեջ: