Այսօրվա սերնդից դժգոհում են մարդիկ, ովքեր գիրք չեն կարդում և գրքին փող չեն տալիս. Արքմենիկ Նիկողոսյան
SocietyTert.am- ը գրում է.
Այսօր գիրք նվիրելու օրն է: Փետրվարի 19-նն ընտրվել է՝ կապված հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա հետ և արդեն մի քանի տարի է, ինչ նշվում է:
Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ այս օրը հասարակության մոտ արդեն ընկալվում է որպես տոն, ինչի վկայությունը հենց այս պահին երևանյան նորաբաց գրախանութի մոտ կուտակված հերթն է:
«Գիրքը գնում են ոչ թե ինքնանպատակ, այլ անպայման միմյանց նվիրելու համար: Ես կարծում եմ, որ գիրք նվիրելու օրն արդեն սպասված օր է»,-ասաց նա և նշեց, որ այսօր կիրակի է, և հնարավոր է՝ աշխուժությունը շատ չլինի, բայց տոնը ստացվել է:
Գրականագետը նկատեց, որ մարդիկ իրար գիրք են նվիրում ոչ միայն այսօր, այլ նաև այլ օրերին և գիրք նվիրելը դարձել է ակտուալ: Գրականագետն ընդունեց, որ մի քանի տարի առաջ գուցե փորձ էր արվում արհեստականորեն օրը տոնի վերածել, սակայն հիմա մարդիկ իրենք են են այս տոնը նշում:
«Եթե մոդայով են առաջնորդվում, ապա գրքից լավ մոդա դժվար թե գտնենք»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է այն քննադատություններին, թե այսօրվա երիտասարդ սերունդը քիչ է գիրք կարդում, Արքմենիկ Նիկողոսյանն ասաց. «Ես միշտ խոսում եմ գրախանութի, գրադարանների աշխատողների հետ, նաև ֆեյսբուքյան տարբեր էջերով հետազոտություն եմ անցկացնում և այսօրվա սերնդից դժգոհում են մարդիկ, ովքեր ընդհանրապես գիրք չեն կարդում և գրքին փող չեն տալիս: Եթե նայեք, գրադարաններում, գրախանութներում գիրք գնում և կարդում են հիմնականում 18-35 տարեկանները: Այնպես որ այդ քննադատությունները թույլ են, և մեր երիտասարդությունը հերքում է այդ մռայլ կանխատեսումները»,-ասաց նա և նշեց, որ թեև դա մեր երազած ցուցանիշները չեն, սակայն դրական տեղաշարժեր կան: