Արարատի մարզում գերակատարվել է սեփական եկամուտների գծով գանձման ցուցանիշը
Արարատի մարզում 2014 թվականի ութ ամսվա կտրվածքով, սեփական եկամուտների կատարողականը կազմել է 102,3 տոկոս, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է մուտքագրվել 69,7 մլն դրամ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արարատի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Գուրգեն Եղիազարյանը, գույքահարկի գծով նախատեսված տարեկան 555,0 մլն դրամի դիմաց գանձվել է 333,8 մլն դրամ: Նախորդ տարվա համեմատությամբ ավել է մուտքագրվել 67,3 մլն դրամ: Այս հարկատեսակի գծով 70 համայնքներ գերազանցել են 50 տոկոսի սահմանագիծը: Ցածր արդյունք են ապահովել 27 համայնքներ:
Եղիզարյանը նշեց, որ տեղական տուրքի գծով նախատեսված տարեկան 71,0 մլն դրամի դիմաց մուտք է եղել 54,7 մլն դրամ: Տեղական տուրքերը կատարվել են 76,9 տոկոսով: Հողի վարձավճարների գծով կատարողականը կազմել է 98,7 տոկոս: Ցածր արդյունքներ են ապահովել 13, իսկ բարձր արդյունքներ' 75 համայնքներ:
Այլ մուտքերի գծով հաշվետու ժամանակաշրջանի նկատմամբ կատարողականը կազմել է 103,2 տոկոս: Ավելի է մուտքագրվել 3,5 մլն դրամ:
Վարչության պետը մանրամասնեց, որ տարեցտարի սեփական եկամուտների հավաքագրման աճ է արձանագրվում, մասնավորապես տարեվերջյան հավաքագրումներում արձանագրվում է 100 տոկոս կատարողական արդյունք: Մարզում մշտապես բարձր կատարողական են ապահովում 35-40 համայնքներ' գերազանցելով պլանային արդյունքները: Եղիազարյանն ընդգծեց նաև, որ յուրաքանչյուր բնակիչ և համայնքապետ պետք է գիտակցի, որ գումարների ժամանակին հավաքագրումը բխում է համայնքի շահերից, որոնցով կատարվում է համայնքների քառամյա ծրագրերի իրականացումը:
Լիլիթ Մաճկալյան