Պտղի` արտաքնոցում հայտնվելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ. Նշանակվել են փորձաքննություններ
SocietyԱխուրյանի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել Ջաջուռ գյուղում արձանագրված արտառոց դեպքի կապակցությամբ` պտղի` արտաքնոցի մեջ ընկնելու դեպքի առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ յս տարվա փետրվարի 14-ին` ժամը 14:20-ին, Ախուրյանի շտապբուժօգնության կայանից ահազանգ է ստացվել առ այն, որ «վաղ հետծննդյան շրջան» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի բնակչուհին, ով հայտնել է, որ հղիության 8-րդ ամսվա ընթացքում սուր ցավերի հետեւանքով տան բակում գտնվող արտաքնոցում կորցրել է իր երեխային:
Պարզվել է, որ 30-ամյա կինը որովայնի եւ աճուկային հատվածներում ունեցել է ցավեր, սկսել են հոսել պտղաջրերը, իրենց տնից վերցրել է պոլիէթիլային տոպրակ, այն դրել է պլաստմասե թասի մեջ, որպեսզի պտղաջրերը լցվեն թասի մեջ, այնուհետեւ ցանկություն է առաջացել բնական կարիքները հոգալու եւ գնացել է արտաքնոց, որը գտնվում է դրսում: Արտաքնոցում զգացել է, որ իրենից ինչ-որ կշիռ պոկվել-ընկել է։ Հասկանալով, որ ծննդաբերել է՝ անմիջապես այդ մասին հայտնել է հարազատներին, զանգահարել են շտապօգնություն եւ նրան անմիջապես տեղափոխել են բժշկական կենտրոն։
Դեպքի վայրի զննությամբ արտաքնոցի անցքում՝ 2 մետր խորության վրա, հայտնաբերվել է իգական սեռի պտղի դիակ՝ պոլիէթիլենային տոպրակի վրա ընկած:
Ընտանիքն ունի երեք երեխա` ծնված 2009, 2010. 2015 թթ., 4-րդ հղիությունը եւս հաշվառված է եղել եւ այն ընթացել է նորմալ:
Վաղաժամ ծննդաբերության պատճառները կպարզվի փորձաքննությամբ: ՀՀ ՔԿ-ից տեղեկացրեցին, որ նշանակվել են անհրաժեշտ փորձաքննություններ` դեպքի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար եւ միայն դրանք ստանալուց հետո կտրվի համապատասխան իրավական գնահատական, իսկ քրեական գործի հարուցումը պայմանավորված է` բազմակողմանի քննությունն իրականացնելու անհրաժեշտությամբ: