Միջազգային դիտորդն Արցախում ժողովրդավարության ահռելի առաջընթաց է նկատում
SocietyԵվրոպական ազատ դաշինքի բյուրոյի անդամ, Բասկերի երկրի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Դալակալե Լորենա Լոպեսը բարձր է գնահատում Արցախում սահմանադրական հանրաքվեի ընթացքը:
Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում դիտորդական առաքելություն իրականացնող Դալակալե Լորենա Լոպեսն ընդգծեց, որ հանրաքվեն ընթանում է բնականոն հունով և հանրաքվեի թափանցիկ ընթացն ապահովող ժողովրդավարական բոլոր երաշխիքները կան:
«Մենք շատ ուրախ ենք, որ Արցախն այսքան ժողովրդավարական երկիր է»,- ասաց Լոպեսը:
Նա հավելեց, որ երկրորդ անգամ է Արցախում և նկատում է այն ահռելի առաջընթացը, որ արձանագրվել է անկախության 25 տարիների ընթացքում:
«Մենք տեսնում ենք, որ անկախության 25 տարիների ընթացքում բավականին լուրջ առաջընթաց է արձանագրվել տնտեսության, մշակույթի, սոցիալական ոլորտներում: Բայց ամենակարևորը` մենք տեսնում ենք, որ այստեղ շատ արագ տեմպերով զարգանում է ժողովրդավարությունը»,- ասաց Դալակալե Լորենա Լոպեսը:
Անդրադառնալով վերջերս Բելառուսի կողմից ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինին՝ Ադրբեջանին արտահանձնելուն` նա ընդգծեց, որ բոլոր ժողովրդավարական երկրներում տեղաշարժի, խոսքի և մտքի ազատությունը նորմեր են, իսկ այն երկրները, որտեղ այդ ամենը չի թույլատրվում, չեն կարող ժողովրդավարական համարվել: Լոպեսն ընդգծեց, որ Լապշինը ձերբակալվել է ընդամենը նրա համար, որ եղել է Արցախում, ինչը հակասում է ժողովրդավարական սկզբունքներին:
«Հիմա մենք էլ Արցախում ենք, և, բնականաբար, չենք ցանկանում այցելել ոչ Բելառուս, ոչ էլ Ադրբեջան: Մենք այդ երկրներ կայցելենք միայ ն այն ժամանակ, երբ տեսնենք, որ այդ երկրներում էլ ժողովրդավարական բարքեր են հաստատվել»,- ասաց նա` Ադրբեջանի իշխանություններին կոչ անելով անհապաղ ազատ արձակել Ալեքսանդր Լապշինին, քանի որ նրա ձերբակալությունն անօրինական է: