Հայ արվեստագետները մասնակցել են Սուրաջկունդի արհեստների 31-րդ միջազգային փառատոնին
CultureՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` 2017 թվականի փետրվարի 1-15-ը, Հնդկաստանում հայ արվեստագետների պատվիրակությունը մասնակցել է Սուրաջկունդի արհեստների 31-րդ միջազգային փառատոնին: Այս մասին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Պատվիրակության կազմում էին՝ «Տերյան մշակութային կենտրոնի» տնօրեն Լիլիթ Մելիքյանը, ժողովրդական վարպետ Արփի Ավդալյանը և «Շողակն» ֆոլկլորային համույթի մեներգչուհի, ուդահար Հասմիկ Հարությունյանը:
Փառատոնի ընթացքում ներկայացվել են հայկական տարազներ, ազգային մշակույթին բնորոշ ձեռագործ և ասեղնագործ իրերի տարբեր նմուշներ՝ զարդեր, մետաքսե վզնոցներ, կարպետներ: Կատարումներով հանդես է եկել երգչուհի Հասմիկ Հարությունյանը:
Հնդկաստանում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանի հրավերով հայ արվեստագետներն այցելել են նաև մայրաքաղաք Դելի: Արդյունքում, հայկական պատվիրակությունը Հնդկաստանում ոչ միայն ներկայացրել և հանրահռչակել է հայկական մշակույթը, այլև աշխատանքային սերտ կապեր է հաստատել և հետագա համագործակցության պայմանավորվածություններ ձեռք բերել` փառատոնին ներկայացված տեքստիլ արտադրանք ու ասեղնագործ աշխատանքներ պատրաստող կազմակերպությունների հետ: