Տիգրան Պետրոսյանի կիսանդրին տեղադրվեց շախմատի տանը
Շախմատի աշխարհի չեմպիոնի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն այսուհետև կլինի աշխարհի չեմպիոնի կիսանդրին:
Երևանում հոկտեմբերի 17-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղադրվեց աշխարհի 9-րդ չեմպիոնի կիսանդրին, որի հեղինակն է հայ անվանի քանդակագործ Արա Սարգսյանը: Քանդակը, որը ստեղծվել է 1965 թվականին և մոտ կես դար գտնվում էր Սարգսյանի տուն-թանգարանում, արվեստագետի հարազատների նվերն է Հայաստանի շախմատային ֆեդերացիային: Այս մասին տեղեկացնում է Armchess-ը: Արարողության ժամանակ, որին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը, քանդակագործի ընտանիքին Հայաստանի շախմատային ֆեդերացիայի անունից շնորհակալություն հայտնեց ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Հովհաննիսյանը:
Աշխարհի 9-րդ չեմպիոնի մեկ այլ կիսանդրի (քանդակագործ' Արա Շիրազ, Ճարտարապետ' Կարլեն Անանյան) շախմատի տան հարևանությամբ տեղադրվել է1989 թվականին:
Տիգրան Վարդանի Պետրոսյանը ծնվել է 1929 թվականին Թբիլիսիում: Շախմատով սկսել է զբաղվել 1940-ական թվականներից տեղի պիոներների պալատում, որտեղ իր վարպետությունը կատարելագործել է Ա. Էբրալիձեի գլխավորությամբ։ 1962 թ. հաղթելով հավակնորդների մրցաշարում՝ Տիգրան Պետրոսյանն իրավունք է ստացել Մ. Բոտվիննիկի հետ վիճարկել աշխարհի չեմպիոնի կոչումը։ 1963 թ. Պետրոսյանը հաղթել է Բոտվիննիկին և նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը։ 1966 թ. Տ. Պետրոսյանը պաշտպանել է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը՝ հաղթելով Բ.Սպասկուն։ 1969 թ. շախմատի աշ խարհի առաջնության ժամանակ պարտվել է նույն Բ. Սպասկուն։ 1971- 1980 թթ. շարունակել է պայքարն աշխարհի չեմպիոնի կոչման համար: ԽՍՀՄ հավաքականի կազմում 9 անգամ հաղթել է շախմատի համաշխարհային օլիմպիադաներում։