Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների հավաքականը նոր մարզիչ ունի
SportՀայաստանի տղամարդկանց մինչև 18 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել փորձառու մասնագետ Եղիշե Դավթյանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Դավթյանն ավարտել է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը և Սանկտ Պետերբուրգի Լեսգաֆտի անվան ֆիզկուլտուրայի ինստիտուտի ասպիրանտուրան, մանկավարժական գիտությունների թեկնածու է, դոցենտ:
1990-1993 թթ. աշխատել է Երևանի ֆիզկուլտուրայի ինստիտուտում որպես մարզախաղերի ամբիոնի վարիչ, հեղինակ է հիսունից ավելի տպագրված աշխատանքների:
ԽՍՀՄ սպորտի վարպետ է, մասնակցել է ԽՍՀՄ ժողովուրդների չորս սպարտակիադաների:
2002 թ. նրան շնորհվել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատողի կոչում:
2004 թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր մարզչի կոչման:
1985-1989 թթ. մարզել է Ալժիրի ժողովրդական հանրապետության բասկետբոլի հավաքական թիմը և բարձրագույն խմբի մի շարք ակումբներ, մասնակցել է Աֆրիկայի և Արաբական երկրների առաջնություններին:
1990-1993 թթ. մարզել է «Ուրարտու» մարզական ակումբի բասկետբոլի թիմը:
1993-2000 թթ. մարզել է Լիբանանի ազգային հավաքականը և բարձրագույն խմբի մի քանի թիմեր, դարձել է երկրի գավաթակիր, երկրի պատանիների չեմպիոն, Արաբական երկրների առաջնության բրոնզե մեդալակիր:
2001-2002 թթ. Սիրիայի Հալեպ քաղաքում մարզել է «Ալ-Ջալահ» ակումբի տղաների և աղջիկների բարձրագույն խմբերի թիմերը:
Հիշեցնենք , որ Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների հավաքականը ելույթ կունենա Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում: Ա ենթախմբում Հայաստանի մրցակիցներն են Կոսովոյի, Նորվեգիայի և Կիպրոսի հավաքականները: