ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը փետրվարի 23-ին այցելել է ՀՀ Վետերանների միավորում, հանդիպել Հայրենական մեծ պատերազմի, աշխատանքի և զինված ուժերի վետերանների հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Վիգեն Սարգսյա նը շնորհավորել է վետերաններին Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ և շեշտել, որ թեև օրը ներառված չէ պետական տոնացույցում, Հայաստանում ևս շարունակում են փետրվարի 23-ին շնորհավորել միմյանց և մաղթել խաղաղություն:
«Ի դեմս ձեզ` բոլոր վետերանները, մեր այսօրվա բոլոր զինծառայողները, ավելի լավ քան որևէ մեկը, գիտեն խաղաղության արժեքը և այդ խաղաղության համար վճարվող գնի ծանրությունը: Մենք, իհարկե, մի կողմից միմյանց մաղթում ենք նոր հաղթանակներ, մյուս կողմից, շատ ենք ուզում, որ այդ հաղթանակները խաղաղ ժամանակի, երկրի առաջընթացին, ծաղկմանն ուղղված հաղթանակներ լինեն»,- ասել է Վիգեն Սարգսյանը և բարձր է գնահատել Վետերանների միավորման գործունեությունը` որպես սերունդների միջև կապի շատ ամուր և կարևոր օղակի:
«Բանակ-ընտանիք-դպրոց կապը պետք է չափազանց ամուր լինի: Եթե այդ կապը չլինի` մենք վաղը չենք կարողանա արժանապատիվ սպայական անձնակազմ, զորակոչվող զինվորների որակ ունենալև այդ կապի, այդ օղակի մեջ ձեր դերակատարությունը շատ մեծ է, որովհետև ձեր անցած ճանապարհով, ձեր սխրանքներով ու ձեռքբերումներով դուք օրինակ եք վաղվա սերնդի համար»,- նշել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը:
Հանդիպման ընթացքում Վիգեն Սարգսյանը ներկայացրել է նաև «Ազգ-բանակ» գաղափարի դրույթները, անդրադարձել ռազմարդյունաբերության և ռազմական դիվանագիտության ոլորտներում ունեցած ձեռքբերումներին, պատասխանել է վետերաններին հուզող հարցերին:
Հանդիպման ավարտին մի խումբ վետերաններ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով: