Չեխիան կաջակցի Արմավիրի մարզի բուժհիմնարկներին
ՀՀ առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանն ընդունեց Չեխիայի Հանրապետության առողջապահության նախարարի խորհրդական Նորբերտ Սչելոնգի ղեկավարած պատվիրակությանը' ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ։
Արմավիրի մարզը Չեխիայի Մորավսկո-Սիլեզյան երկրամասի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել 2014թ. Հունվարի 31-ին։ Համագործակցության շրջանակում այս անգամ Հայաստան ժամանած պատվիրակության կազմում Արմավիրի բարեկամ-գործընկեր երկրամասի բժշկական կազմակերպությունների ղեկավարներ են։ Չեխիայի առողջապահության նախարարի խորհրդականի հետ նրանք եղել են Արմավիրի մարզի մի շարք բուժհաստատություններում և տարբեր ուղղություններով համագործակցության ծրագրեր են առաջարկում։ Նրանք ցանկություն են հայտնել աջակցել մարզում բժշկական և ախտորոչիչ մեկ կենտրոն արդիականացնելու, միջհիվանդանոցային կապեր հաստատելու, ինչպես նաև համատեղ այլ ծրագրեր իրականացնելու։
Հանդիպման ընթացքում Նորբերտ Սչելոնգը նախ փոխանցեց Չեխիայի առողջապահության նախարարի ողջույնը և ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցության պատրաստակամությունը։
Հյուրերի խնդրանքով առողջապահության փոխնախարարը ներկայացրեց Հայաստանի առողջապահության համակարգը' կառուցվածքը, կառավարման և ֆինանսավորման մեխանիզմները, կրթական համակարգը։
Քննարկվեցին նաև Հայաստանում բժշկական ապահովագրական գործող համակարգը, զարգացման հեռանկարները։ Չեխիայի Հանրապետության առողջապահական համակարգի ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին համագործակցել նաև այս ուղղությամբ' թե՛ իրենց փորձը ներկայացնելով, թե՛ գործնական մասնակցություն ունենալով։
Վահան Պողոսյանն առաջարկեց աշխատանքային խմբեր ստեղծել։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ համատեղ կքննարկվեն և կմշակվեն համագործակցության բոլոր քայլերն ու ծրագրերը։