«Տիտանական պատերազմի» վերածվող ընտրությունները
AnalysisԹեեւ ՀՀԿ-ն դեռ ամիսներ առաջ պնդում էր, որ ինքնամաքրվելուց ու «ռեսթարթ» լինելուց հետո անց է կացնելու իդեալականին մոտ ընտրություններ, սակայն երեկ Արարատի մարզի Մասիս քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքը փաստում է այլ բանի մաին:
Ի՞նչ է կատարվում իրականում. ՀՀԿ-ական պատգամավորները, ովքեր իրենց թեկնածություն են առաջադրել, բարձր պայմանավորվող կողմին խոսք են տվել պատվով կրել ՀՀԿ-ի նշանն իրենց կոստյումի վրա, ուստիեւ գնում են հնարավոր ու անհնարին տարբեր մեթոդների իրականացման` քվեներ ապահովելու համար:
Մրցակցային «աբսուրդն» այն աստիճան է ուռճացել, որ ՀՀԿ-ականները սկսել են իրարից ձայներ խլել` ցանկանալով ապացուցել, որ իրականում «ասողն» իրենք են: Կամաց-կամաց «տիտանական պատերազմի» վերածվող ընտրությունները ակընդրելը եւ' հետաքրքիր, եւ' սահմռկեցուցիչ է դառնում:
Սահմռկեցուցիչ այն առումով, որ «կոնկուրենտ» կուսակիցներից ու անգամ ընտրողներից եւ ոչ մեկ չի կարող պատկերացնել, թե ինչ վտանգների առաջ կարող են կանգնել ՀՀԿ տվյալ թեկնածուի օգտին չքվեարկելու կամ բանավոր կերպով ձեռք բերված՝ մեկը մյուսի տարածք չմտնելու պայմանավորվածությունը խախտելու դեպքում:
Փաստացի կրքերը շատ թեժ են, իսկ հետեւանքները` պայթունավտանգ: Թե ինչ կլինի քարոզարշավի պաշտոնական մեկնարկից հետո ու ընտրությունների օրը, պատկերացնելը թերեւս մազոխիզմ կլինի, ինչպես ասում են` «Աստված պահապան բոլորիս»:
Անի Խաչատրյան