«Ծառուկյան» դաշինքը սահմանում է իրավիճակից ելքը…
AnalysisՀայաստանում, ինչպես փաստում է կյանքը, հետզհետե մարդասիրական արժեքներն անկում են ապրում. առաջին պլան է մղվում փողը, որի առաջ ծնրադրում են շատերը: Այս երևույթը հատկապես նկատելի է պետական քաղաքականության մի շարք ոլորտներում, ուր արմատացած տենդենցները հուշում են՝ երկիրն ապասոցիալականացվում է:
Մասնավորապես՝ որևէ մեկի համար առանձնակի գաղտնիք չէ, որ Հայաստանում առողջապահական համակարգն այնքան էլ նորմալ վիճակում չի գտնվում ու բյուջետային միջոցները՝ հատկացվող բնակչության համար գերկարևոր այս ոլորտին, տարեցտարի ավելանալու փոխարեն նվազում են, ու այլևս հույս էլ չկա, որ իրավիճակը կարող է շտկվել. անցկացված ուսումնասիրությունները փաստում են՝ կառավարության առաջիկա տարիների միջնաժամկետ ծրագիրն այս առումով ևս հուսադրող չէ, ինչը նշանակում է, որ մեր երկրում առողջապահությունը հետզհետե վերածվելու է հարուստների մենաշնորհի:
Այս իմաստով հատկապես կարևոր է ընդգծել Հայաստանում պետպատվերի ինստիտուտի օրհասական վիճակը, որ արդյունք է պետության ցանկության՝ «ձեռքերը լվանալու» ու մի կողմ քաշվելու. բժշկական հաստատություններն այլևս գործնականում հրաժարվում են անվճար հիմունքներով հիվանդ ու անապահով քաղաքացիներին սպասարկել: Հատկապես ծայրահեղ իրավիճակ է ստեղծվել փոքր բժշկական կենտրոնների պարագայում, որոնց՝ պետության կողմից համապատասխան նպատակներով հատկացվող գումարները հետզհետե զրոյանում են ու դա տեղի է ունենում առողջապահության նախարարության կողմից հստակ մշակված պլանի համաձայն. հեռու չեն ժանականերն, երբ այլևս «պետպատվեր» հասկացությունը մեր կյանքից ընդհանրապես կվերանա:
Հարց է ծագում՝ ի՞նչ անել, ինչպե՞ս անել, որպեսզի առողջապահական ծառայությունները ևս, մյուս, այլ՝ երբեմնի մատչելի բարիքների պես տեսանելի ապագայում չդառնան միայն ընտրյալներին հատուկ բարիք: Այս հարցի լավագույն պատասխանը, թերևս, տրվեց վերջերս «Ծառուկյան» դաշինքի կողմից հնչեցրած ծրագրային ելույթի ընթացքում. դաշինքի 15 առաջնահերթ քայլերից մեկն էլ, ինչպես հայտնի է, վերաբերում էր առողջապահությանը, բայց հատկապես պետպատվերի շրջանակներում մատուցվող ծառայություններին. այս քաղաքական ուժը մի շատ իրատեսական ու տրամաբանական գաղափար էր առաջ քաշել. քաղաքացին պետք է ի սկզբանե տեղյակ լինի՝ որքան է կազմում պետության կողմից իրեն հատկացված գումարն ու իր ձեռքի տակ ունենա համապատասխան սերտիֆիկատ, ուր հստակորեն ամրագրված կլինի պետության կողմից իրեն տրամադրված գումարի չափը՝ 100000, 200000, 300000 և այլն: Արդյունքում, հնարավոր կլինի խուսափել և՛ ավելորդ քաշքշուքներից, և՛ գումարների անխնա մսխումից, և՛ լուծել, շատ կոնկրետ սոցիալական խնդիր, ինչը ներկա համակարգի պայմաններում անելն ուղղակի ֆիզիկապես անհնար է:
Ասում են՝ երկաթը տաք-տաք են ծեծում: Համաձայնե՛ք՝ դժվար է վիճել այս ճշմարտության հետ մանավանդ այն պարագայում, երբ աչքիդ տակ ունես անխուսափելի ապագան, երբ, ըստ էության, շուտով ականատես ենք դառնալու առողջապահական ոլորտի ապասոցիալականացմանը. հապաղելով հիմա կկորցնենք ապագան…