Սփյուռքի նախարարն ընդունեց լիբանանահայ գործարար Վաչե Ակոբյանին
EconomicsՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց լիբանանահայ գործարար, «Ռոյալ մետրո արմտուր» զբոսաշրջային գործակալության սեփականատեր Վաչե Ակոբյանին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչությունից, ջերմորեն ողջունելով հյուրին՝ նախարարը բարձր գնահատեց Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը նպաստող սփյուռքահայ գործարարի նախաձեռնությունը, և նշեց, որ թեև զբոսաշրջիկների մեծամասնությունը սփյուռքահայեր են, սակայն մեծ անելիքներ կան նրանց առավել մեծ հատվածների ներգրավելու ուղղությամբ՝ օգտագործելով տարաբնույթ ծրագրեր, քարոզչության արդիական միջոցներ, պատշաճ ներկայացնելով Հայաստանի մշակույթը, բնությունը, խոհանոցը և այլն:
Վաչե Ակոբյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նշեց, որ զբոսաշրջային գործակալության հիմնական նպատակը Լիբանանից սփյուռքահայերին Հայրենիք բերելն է, նրանց խորությամբ ու բազմակողմանի հայրենիքին ծանոթացնելը:
«Այս գաղափարը ծնվել է, երբ խորհրդային տարիներին ես առաջին անգամ Հայրենիք եկա մեկ ամսով՝ Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի կողմից կազմակերպված ճամբարային ծրագրով»,-հավելեց նա:
Սփյուռքի նախարարը վստահություն հայտնեց, որ նախաձեռնությունը մեծ հաջողություն կունենա և օրինակ կծառայի բազմաթիվ սփյուռքահայերի համար, ովքեր ցանկություն և հնարավորություն ունեն նպաստելու Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը և սփյուռքահայերին հայրենիքին կապելու՝ բացելով հայրենաճանաչության ու հայրենադարձության նորանոր արահետներ, նպաստելով երկրի տնտեսության զարգացմանը: