Գրպանի կուսակցություններ. «Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է.
«Ժառանգությունից» հեռանալուց հետո Զարուհի Փոստանջյանը մի շարք հարցազրույցներում նշեց, որ շարունակելու է ակտիվ քաղաքական գործունեությունը, սակայն այդ գործունեության ձևաչափը չհստակեցրեց։ Հաջորդիվ արդեն հայաստանյան մի շարք լրատվամիջոցներում խոսակցություններ սկզբնավորվեցին առ այն, որ Փոստանջյանը նոր կուսակցություն է հիմնելու։ Հենց այստեղ էլ թերևս կանգ առնենք։
Ըստ էության, պարզ չէ կհիմնի՞ Փոստանջյանը նոր կուսակցություն, թե՝ ոչ, սակայն դա արդեն էական էլ չէ, քանի որ նման զարգացման մեջ որևէ զարմանալի բան չկա։ Կուսակցություն հիմնելու, այսպես ասած, համախտանիշը բնութագրական է հայաստանյան քաղաքական կուսակցություններից գրեթե բոլորին, ընդ որում՝ հաճախ այդ կուսակցությունները հիմնում են մեկ այլ կուսակցությունից դուրս եկած կամ վտարված գործիչները։ Այս իրավիճակը կարող է տպավորություն ստեղծել, թե հայաստանյան քաղաքական իրականության մեջ դրությունն այնպիսին է, որ մշտապես անհրաժեշտություն կա ունենալ սեփական կուսակցություն։
Սակայն հանուն արդարության պետք է նշենք, որ գրեթե բոլոր նորելուկ կուսակցությունները ընդամենը անհատների անձնական ամբիցիաների արդյունք են։ Ամենայն հավանականությամբ, Փոստանջյանի կամ նման մեկ այլ գործչի կողմից ստեղծված կուսակցությունը մնալու է որպես պետռեգիստրում գրանցված անուն, որը գուցե ինչ–որ մի պահ օգտագործվի, գուցե այդպես էլ մոռացության մատնվի։
Ի վերջո, մենք ունենք նման կուսակցությունների բազմաթիվ օրինակներ։ Ոչ վաղ անցյալում, երբ Վիկտոր Դալլաքյանը հայտարարում էր Հանրապետականից դուրս գալու և «Երրորդ հանրապետություն» կուսակցություն մտնելու մասին, հայաստանյան հասարակությունն առաջին անգամ իմացավ նման անվանումով կուսակցության գոյության մասին։
Մեկ այլ տիպիկ օրինակ էր նախկին ԲՀԿ–ական Վահան Բաբայանը. Վերջինս, չնայած երիտասարդ տարիքին հասցրել էր 5–6 կուսակցության անդամ լինել, նրա վերջին հանգրվանը «Բարգավաճ Հայաստանն» էր, սակայն Գագիկ Ծառուկյանի քաղաքականությունից հեռանալուց հետո, Բաբայանը վերջապես որոշեց վերջ տալ իր քաղաքական դեգերումներին և դուրս գալով ԲՀԿ–ից, ստեղծեց իր՝ «Ռեֆորմիստների կուսակցությունը»։
Հիմնադրումից գրեթե անմիջապես հետո այս կուսակցությունը հայտարարեց իշխանամետ լինելու և Հանրապետականի հետ համագործակցելու մասին։ Սակայն, ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, Հանրապետականին չխանդավառեց ռեֆորմիստների հետ համագործակցության գաղափարը, մյուս կողմից էլ՝ Բաբայանը, ամենայն հավանականությամբ, իր քաղաքական վարքագծի արդյունքում, մաս չկազմեց նաև «Ծառուկյան» դաշինքին։ Սակայն սա այլ թեմա է։
Ընդհանուր առմամբ, պետք է նշել, որ այս օրինակներից զատ մենք կարող ենք տեսնել բազմաթիվ այդպիսի գրպանային կուսակցությունների, որոնք որպես քաղաքական սուբյեկտներ պարզապես գոյություն չունեն, նման իրավիճակում արդեն ակնհայտ է, որ հասարակական–քաղաքական ակտիվություն դրսևորող այնպիսի գործիչներ, ինչպիսին Փոստանջյանն է կամ Թևան Պողոսյանը, որը նույնպես ընդգրկված էր ինչ–որ կուսակցության կամ դաշինքի ցուցակում, փորձեն իրենց գործունեության այլ ոլորտներ գտնել և ոչ թե գնալ հերթական կուսակցության հիմնադրմանը, որն, ինչպես արդեն նշվեց, մնալու է ընդամենը որպես գրանցված անուն։
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: