Շիրակում աշխատանքներ կտարվեն գարնանային հնարավոր հեղեղումները կանխելու ուղղությամբ
SocietyԳարնանային հնարավոր հեղեղումների կանխարգելման, դրանց հետևանքների նվազեցման և վերացման ուղղությամբ Շիրակի մարզում իրականցվելու են աշխատանքներ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը մարզի առավել հեղեղավտանգ տեղամասերով հայտնի են Ղորղոբա, Ղարանղու, Աշոցք, Ախուրյան գետերը, Գյումրի–Չայ գետակը, Մարալիկի, Ջաջուռի, Ողջիի, Մարմաշեն–Հովունի, Կամո–Կառնուտ հեղեղատարները: Շիրակի մարզպետի կողմից հաստատվել է մարզի տարածքում 2017 թվականի գարնանային հնարավոր հեղեղումների կանխարգելման, դրանց հետևանքների նվազեցման և վերացման միջոցառումների ծրագիրը, որտեղ համայնքների ղեկավարները ներկայացրել են իրենց կողմից 2017 թվականի ընթացքում իրականացվելիք կանխարգելիչ միջոցառումները: Համաձայն այդ ծրագրի՝ հեղեղավտանգ ժամանակահատվածում սելավատարերի հուների մաքրման աշխատանքներ են իրականացվելու համայնքներում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ԱԻ Շիրակի մարզային փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի պետ, փոխգնդապետ Լևոն Հովսեփյանը, մարզի համայնքների ղեկավարներին առաջարկվել է պատրաստի վիճակի բերել արագ արձագանքման խմբերը, ինժեներական տեխնիկան և ունենալ պահուստային վառելիք կանխարգելիչ միջոցառումների իրականացման նպատակով:«Ամեն տարի են նման միջոցառումներ իրականացվում, բայց այս տարի, երբ ունենք ձյան նմանատիպ հաստ շերտ՝ հատկապես Արագածի փեշերին, ջերմաստճանի կտրուկ բարձրացման դեպքում հնարավոր է հեղեղումներ: Սակայն ջերմաստիճանի կտրուկ բարձրացման դեպքում հեղեղումների հնարավոր վտանգ ոչ միայն Արթիկին է սպառնում, այլ նաև մարզի մյուս համայնքներին՝ բոլոր բարձրադիր համայնքները, որտեղ սարերից ու լեռներից սնվող սելավատարներ կան: Մենք այսօր խնդիր ունենք նաև Գյումրիում, որտեղ կան Ղորղոբա և Գյումրի–Չայ գետակները»,-նշեց Լևոն Հովսեփյանը:
Շատ համայնքներ սելավատարների մաքրման աշխատանքներ կարող են իրականացնել սեփական բյուջեների հաշվին, իսկ այն դեպքում, երբ աշխատանքի ծավալի հետ կապված հնարավոր չէ սեփական միջոցների հաշվին իրականացնել, խնդիրը ներկայացվում է ՀՀ կառավարությանը՝ աշխատանքների իրականացման համար ֆինանսական միջոցներ հատկացնելու խնդրանքով:
Շիրակի մարզպետարանի ու ՀՀ ԱԻ Շիրակի մարզային փրկարարական վարչության կողմից տվյալ աշխատանքների խիստ հսկողություն է իրականացվում:
Հաշվի առնելով անցած տարի Արթիկի հեղեղումը, այս տարի ևս լուրջ մաքրման խնդիր ունեն Արթիկի «Մովրովենց» ու «Բմբուլենց» հեղեղատարները: Այս հարցով համայնքը դիմել է ՀՀ կառավարությանը՝ մարզի հրատապ խնդիրների լուծման ծրագիր ընդգրկելու համար:
«Արմենպրես»-ի հարցին՝ արդյո՞ք ճիշտ չէ հեղեղատարների ու սելավատարների մեջ աղբ լցնող քաղաքացիներին տուգանել այդ երևույթը կանխելու համար, պատասխանատուն փաստեց, որ պետք է նախ և առաջ այդ համայնքներում լուծել աղբահանության խնդիրը: «Այս համայնքներում պետք է լուծել աղբահանության խնդիրը՝ հետո բնակչին տուգանել: Եթե տվյալ համայնքում աղբահանություն չի իրականցվում, էլ ինչ հարց, թե ինչու՞ է բնակիչն այդ աղբը լցնում սելավատարը»,-նշեց պատասխանատուն փաստելով, որ Գյումրիում այսօր ևս կա փակ սելավատար, որն անցնում է Գյումրու կենտրոնական հր ապարակի տակով: «Հարցը Գյումրու քաղաքապետարանի կողմից ներկայացվել է մեզ, մենք էլ ներկայացրել ենք ՀՀ ԱԻ նախարարություն՝ այն մաքրելու համար: Խնդիրը լուրջ է ու մեծ գումարների հետ կապված: ԱԻ նախարություն է ներկայացվել նաև մյուս համայնքների առաջարկները»,-հավելեց Լևոն Հովսեփյանը:
Արմենուհի Մխոյան