Արմեն Ամիրյանը խոստացել է աջակցել Վանաձորում թեյարան-գրադարանի ստեղծմանը
CultureՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը փետրվարի 26-ին այցելել է Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոն, ապա՝ Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն և Լոռու մարզային գրադարան։
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից` Վանաձորի մի խումբ երիտասարդների հետ նախարարը քննարկել է քաղաքում թեյարան-գրադարան հիմնելու հնարավորությունների մասին շաբաթներ առաջ նրանց արած առաջարկը:
Նախարարը խոստացել է, որ մշակույթի նախարարությունը նրանց կաջակցի ֆինանսապես և կտրամադրի անհրաժեշտ գրականությունը։
Ստեփանավանում նախարարը ծանոթացել է կենտրոնի աշխատանքին և շենքային պայմաններին, քննարկել ապագայի ծրագրերն ու անելիքները: Նախարարի հաջորդ կանգառը Վանաձորի դրամատիկական թատրոնում էր: Այստեղ նախարարը աբելյանցիներին ներկայացրել է նոր տնօրենին, շրջել թատրոնում և լսել կոլեկտիվի առաջարկություններն ու առկա խնդիրները:
Նախարարը եղել է նաև Լոռու մարզային գրադարանում: Տնօրենի ուղեկցությամբ ծանոթացել գրադարանի պայմաններին: Այցի ավարտին նախարարը հանձնարարել է մշակել և ներկայացնել նախագիծ, որի արդյունքում հասարակություն-գրադարան կապն ավելի ամուր կդառնա: