Կայացել է քննարկում Հայաստանում ակրոբատիկական ռոքնռոլ մարզաձևը զարգացնելու հնարավորությունների վերաբերյալ
SportՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում կայացել է քննարկում՝ Հայաստանի Հանրապետությունում ակրոբատիկական ռոքնռոլ մարզաձևը զարգացնելու հնարավորությունների վերաբերյալ։
Արմենպրեսի հաղորդմամբ` քննարկումը, որին մասնակցել են սպորտային պարեր, ակրոբատիկա, գեղարվեստական մարմնամարզություն և գեղասահք մարզաձևերի ներկայացուցիչները, վարել է նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը: Նա խոսել է մեր երկրում արդեն իսկ գործող մարզաձևերի շարքում այս նոր մարզաձևի ընդգրկման հնարավորությունների մասին:
«Այսօրվա քննարկմանը մասնակցում են ակրոբատիկական ռոքնռոլին մոտ մարզաձևերի ներկայացուցիչներ: Հուսով եմ՝ համատեղ աշխատանքով կկարողանանք մեր երկրում նույնպես զարգացնել այս գեղեցիկ մարզաձևը»,- ասել է Ղազարյանը: Նա ներկաներին խնդրել է երկշաբաթյա ժամկետում ներկայացնել իրենց դիտարկումները և առաջարկությունները՝ հաջորդ քննարկումն ավելի առարկայական դարձնելու և Հայաստանի Հանրապետությունում ակրոբատիկական ռոքնռոլ մարզաձևի ֆեդերացիա հիմնելու վերաբերյալ:
Մեր երկրում ակրոբատիկական ռոքնռոլի ֆեդերացիային աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության նույնանուն ֆեդերացիան, որը, բացի ֆինանսական աջակցությունից, օգնելու է մեր երկրում այս մարզաձևի մարզիչներ պատրաստելուն՝ կազմակերպելով վերապատրաստման դասընթացներ և սեմինարներ: