Ադրբեջանական նավթի գինը սկսել է անկում ապրել
EconomicsԱդրբեջանի համաշխարհային շուկա դուրս եկող Azeri LT CIF տիպի հում նավթի գինը սկսել է էժանանալ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Azeri LT CIF տիպի նավթի գինը 1, 43 տոկոսով էժանանալով` դարձել է մեկ բարելի համար 56,8 դոլար:
Ներկայումս Ադրբեջանի նավթային քաղաքականությունը հարմարեցվում է OPEC-ի վարած քաղաքականությանը:
2017-ի հունվարից սկսած Ադրբեջանը, հետևելով Նավթ արդյունահանող երկրների (OPEC) ծավալների նվազեցման պայմանագրին, սահմանել է օրական 793.3 հազար բարել արդյունահանման ծավալի սահմանաչափ: Արդյունահանվող նավթի 743,1 հազար բարելը կազմում է հում նավթը, իսկ 50,8-ը` կոնդենսատը: Ադրբեջանից օրական արտահանվում է 617 հազար բարել հում նվաթ, 50,8 հազար բարել` կոնդենսատ, 24,2 հազար բարել` տարբեր նավթամթերքներ:
Պայմանագրին հետևելով Ադրբեջանը մեկ օրում արդյունահանվող նավթի ծավալները նախկինի համեմատ կրճատել է 35 հազար բարելով:
Նախքան նավթի արդյունահանման ծավալների կրճատման վերաբերյալ պայմանագրի ստորագրումը Ադրբեջանում 2016-ի հունվար-նոյեմբերին արտադրվել է 37 մլն 719 հազար 606 տոն նավթ: Միջին օրական արտադրությունը կազմել է 829,1 հազար բարել:
Azeri LT CIF տեսակի նավթի նվազագույն գինը` մեկ բարելի դիմաց 19,15 դոլար գրանցվել է 2001 թվականի դեկտեմբերին, իսկ առավելագույն գինը` 149,66 դոլար 2008 թվականի հուլիսին: