ՀՀ առողջապահության նախարարության էլեկտրոնային առողջապահության համակարգը կներդրվի հոկտեմբերից
SocietyՀՀ առողջապահության նախարարության էլեկտրոնային առողջապահության համակարգը կներդրվի հոկտեմբերից: Հայաստանում գործող բժշկական հաստատությունների կողմից քաղաքացու վերաբերյալ բժշկական պատմությունը կգրանցվի էլեկտրոնային առողջապահական համակարգում եւ նույնականացման քարտի միջոցով հասանելի կլինի միայն տվյալ քաղաքացուն, ապա վերջինիս թույլտվությամբ նաեւ բժշկին: Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ առողջապահության նախարարության էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման հանձնաժողովի նախագահ Վարդան Գեւորգյանը նշեց, որ դեկտեմբերից արդեն իսկ մեկնարկել են պետական պատվեր իրականացնող բժշկական հաստատություններում ծրագրի հետ ծանոթացման, ուսուցման դասընթացները: «Քաղաքացիների գրանցումը էլեկտրոնային առողջապահական համակարգում կիրականացվի բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների հիման վրա եւ դրանով կբացառվեն քաղաքացիների կրկնակի մուտքագրման, ինչպես նաեւ կրկնակի ֆինանսավորման դեպքերը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նա:
Գեւորգյանը նշեց, որ դեղատների կողմից եւս գրանցումներ կիրականացվեն դուրսգրվող դեղերի մասով: «Այդ համակարգի ներդրման արդյունքում քաղաքացին կկարողանա ցանկացած վայրից ինտերնետ հասանելիության միջոցով մուտք գործել իր անձնական էջ եւ տեսնել, թե երբ եւ ինչ բժշկական հաստատություն է այցելել, ինչ ծառայություններ են մատուցվել, ինչ ախտորոշումներ են տրվել»,-հավելեց բանախոսը:
Համակարգի ներդրման ընթացքում ուսումնասիրվել է միջազգային փորձը: Քաղաքացին կարող է համակարգ մտնել armed.am կայքի միջոցով: