Արմեն Ամիրյանը կոչ է արել մտածել ազգագրական երաժշտությունը մասսայական դարձնելու մասին
Culture«Ժողովրդական երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը տարեկան հաշվետվություն է ներկայացրել իր կազմում գործող երեք կոլեկտիվների՝ Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլի, Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի և Մարո Մուրադյանի անվան «Ակունք» ազգագրական պետական անսամբլի հետ։
Ինչպես տեղեկացրեցին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից` հաշվետվության արդյունքներին ծանոթանալուց հետո Արմեն Ամիրյանն ասել է. «Ազգային երգ-երաժշտությունը, որը պետք է լինի մեր ուղեցույցն ու փարոսը, այսօր այն վիճակում է, որ պետությունը 120 միլիոն գումար է ծախսում, արդյունքում մենք հասանելի ենք դառնում սահմանափակ թվով հանդիսատեսի, որը կա′մ կլսի այդ երաժշտությունը, կա′մ չի լսի: Ինչպե՞ս եք նայում այս խնդրին»:
«Ժողովրդական երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Ներսիսյանը նշել է, որ իրենք զրկված են աշխատանքի ամենատարրական պայմաններից, «լուսանցքից դուրս» վիճակում են:
«Ակունք» ազգագրական պետական անսամբլի գեղարվեստական ղեկավար Արթուր Շահնազարյանը հավելել է. «Հայկական եթերն այսօր զբաղված է միայն «ռաբիսի» ու թուրքական երաժշտության գովազդով, որից տարիներ շարունակ զերծ է մնացել, թերևս, միայն Հանրային ռադիոն»:
Նախարարը որոշ չափով համաձայնել է հնչած կարծիքների հետ, բայց նաև նշել. «Դատարկ տեղն է լցվում աղբով, ուրեմն տեղը դատարկ ենք թողել, հետաքրքրություն չենք առաջացրել: Մենք պետք է աշխատենք նույնպիսի, գուցե մի քանի անգամ ավելի, ագրեսիվությամբ, ինչպիսի ագրեսիվությամբ «ռաբիսը» մտավ մեր իրականություն: Եկեք նստենք ու միասին մտածենք՝ ի՞նչ ենք անում, որպեսզի ավելի հետաքրքիր մատուցենք մեր ազգային երաժշտությունը, որպեսզի այն ավելի մոտեցնենք երիտասարդներին: Այս անելու համար հստակ ծրագիր եմ ակնկալում»:
Իսկ ՊՈԱԿ-ի հաշվետվությունը մնացել է առանց գնահատականի. «Այսօր չեմ գնահատում, առայժմ թողնում եմ «դրախտի և դժոխքի սահմանագծին»,-կատակել է նախարարը: