Արմեն Ամիրյանը «բավարար» է գնահատել Մայր թատրոնի հաշվետվությունը
CultureԳ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը 2016 թվականի տարեկան հաշվետվություն է ներկայացրել ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին:
Ինչպես տեղեկացրեցին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարը հաշվետվությունը «բավարար» է գնահատել:
Հաշվետվության քննարկման տրամաբանությունն այն էր, թե ինչ և ինչպես անել, գործարար ինչպիսի ծրագիր կազմել, որ, պետության հատկացրած ֆինանսական միջոցներն օգտագործելով, մշակութային օջախն իր եկամուտները բազմապատկելու հնարավորություն ունենա։
Խոսվել է այն մասին, թե ինչպե՞ս գտնել յուրօրինակ բիզնես նախաձեռնությունների այն ոսկե միջինը, որ թատրոնն օգտագործի իրեն տրված բոլոր հնարավորությունները, բայց դրանից չտուժի բարձր արվեստը։
Թատրոնի տնօրենի պաշտոնակատար Ստեփան Դավթյանը նշել է, որ թատրոնի տարածքը ելույթների համար վարձակալության տալն ավելի եկամտաբեր է, քան, ներկայացում խաղալը:
«Ո′չ, պետք է այնպես անել, որ ներկայացում խաղալն ավելի եկամտաբեր լինի, քան դահլիճը վարձակալության տալը։ Եվ շաբաթվա առնվազն 5 օրն այդ դահլիճում պետք է բարձրարժեք ներկայացումներ լինեն»,-հակադարձել է Արմեն Ամիրյանը։
Նախարարը և թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը նախնական տարբեր գաղափարներ են առաջ քաշել, բայց մեկ հարցում ճիշտ և ճիշտ նույն կարծիքին են եղել, որ փոքրիկ հանդիսատեսը ոչ միայն թատրոնի, այլև ամբողջ երկրի ապագան է, քանի որ ներկայացումներով մեծացած երեխան լավ մասնագետ է դառնում, ճկուն միտք է ունենում և ամեն գործի մոտենում է նոր ճամփաներ բացելու համար անհրաժեշտ՝ երազողի երևակայությամբ։