Վթարի հետևանքով տուժած վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
SocietyՓրկարարական ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում` ՀՀ ոստիկանության ակադեմիայի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար հրդեհի բռնկմամբ:
Ինչպես տեղեկացրին ԱԻՆ պաշտոնական կայքից, դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 32/1 հասցեում գտնվող «Ֆլեշ» բենզալցակայանի մոտակայքում «Nissan Skyline» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել բենզալցակայանի գովազդային վահանակի պաշտպանիչ կառուցատարրին և բռնկվել:
Վարորդը հոսպիտալացվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:04-ին, մարվել՝ 10:14-ին:
Ամբողջությամբ այրվել է ավտոմեքենայի առջևի հատվածը՝ անվադողերով և սրահը՝ մասամբ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և մինչև ժամը 11:17-ը իրականացրել հերթապահություն: