Լավ մարզավիճակում` ընտրակեղծիքների և տարատեսակ ընտրական զեղծարարությունների դեմ հանդիման. «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է.
Մեր հյուրն է «Ելք »դաշինքի անդամ Ալեն Սիմոնյանը
– Պարոն Սիմոնյան, Դուք ինչպե՞ս եք Ձեզ զգում այս ընտրապայքարում: Իհարկե, պաշտոնապես դեռ սկսված չէ, բայց փաստացի գոյություն ունի: Հարմարավետություն զգո՞ւմ եք:
– Այո, զգում եմ: Շատ հաճելի գործ է:
– Իսկ ընդհանուր մթնոլո՞րտը` ծեծ ու ջարդ, ընտրակաշառքներ, վերագրանցումներ այլ հասցեներում…
– Ես իմացել եմ, թե ինչ դաշտ եմ մտնում: Այնպես չէ, որ նորություն է այդ ամենն ինձ համար: Իմացել եմ, որ նման հակառակորդ եմ ունենալու: Եվ գնացել եմ դրան:
– Այսինքն, կարելի է ասել, լավ մարզավիճակում եք:
– Այո: Լավ մարզավիճակում եմ: Հոգիս ու կամքս տոկուն են: «Դուխով» եմ: Գլուխս` բարձր:
– Իսկ ի՞նչ եք կարծում` կկարողանա՞ք, ուժներդ կպա՞տի այդ հսկա բանակի դեմ կռիվ մղել ու հաղթող դուրս գալ:
– Այդ առթիվ միշտ այս օրինակն եմ բերում. երբ սկսվում էր ղարաբաղյան հակամարտությունը, մենք մարդկային ռեսուրսով և ունեցած զինատեսակներով զիջում էինք հակառակորդին: Բայց դա չխանգարեց, որպեսզի հաղթենք նրան: Կարծում եմ, որ այս պարագայում էլ է նույնը. մրցակցի` մեծաքանակ ֆինանսական ռեսուրսներ, վարչական լծակներ ունենալու հանգամանքը ազդեցություն չի ունենալու: Եթե դրան նայենք, ապա մենք որևէ հաղթանակ չենք ունենա մեր պատմության ընթացքում:
– Իսկ ի՞նչ եք կարծում, այսօր ժողովուրդն այս ընտրությունները դիտում է որպես համապետական գլխավոր ընտրություններ, թե նախկինի պես մտածում է` խորհրդարանական ընտրություններ են, էլի` կաշառքով–մաշառքով…
– Ձեր մատնանշած խնդիրը կա: Բայց, կարծում եմ, ժամանակի ընթացքում մարդկանց վերաբերմունքը կփոխվի և հասկանալի կլինի ամենքին, որ սա համապետական ամենակարևոր ընտրությունն է և իրենց նշանակությամբ չեն տարբերվում նախագահական ընտրություններից:
Մեր նպատակն է այնպես անել, որ ամբողջ երկրով մեկ ալիք բարձրանա, մարդկանց քաղաքական գիտակցությանը հասու դառնա, որ այս ընտրությունները վճռորոշ են լինելու մեր երկրի համար: Եթե դա չեղավ, ապա այլ կերպ մենք չենք կարող ազատվել գործող վարչակազմից:
– Իսկ Ձեզ բավարարո՞ւմ է նախընտրական քարոզչության համար հեռուստատեսություններին հատկացված վճարովի և անվճար եթերաժամերի քանակությունը, պայմանները:
– Այս, փուլում` այո: Սակայն պարզ է, որ պետական համակարգը տիրապետում է մասմեդիաների մեծ մասին: Հասկանալի է, որ ակնհայտ առավելություններ ունեցող ուժեր կլինեն այս մրցապայքարի ընթացքում:
– Եթե նախկինի նման անվճար քարոզչության եթերաժամը նշանակվի ժամը 18–ին, երբ մարդիկ դրսում են` աշխատանքից դուրս են եկել ու դեռ տուն չեն հասել, ինչպե՞ս կվերաբերվեք դրան:
– Իհարկե, եթերային ամենալավ ժամը պետք է հատկացվի նախընտրական քարոզչության համար: Մասնավորապես` Հանրային հեռուստաընկերության կողմից: Որովհետև ընտրություններն են պետության համար կարևորագույն իրադարձությունները: Ոչ թե ռաբիս երգիչների համերգները կամ սերիալները:
– Իսկ «Ելք» դաշինքը միջոցներ ունի՞, որպեսզի կարողանա վճարովի եթերից օգտվել:
– Իհարկե, գումարներ նախատեսված են դրա համար: Նաև մոտ ապագայում նախատեսում ենք դրամահավաք կազմակերպել ընտրապայքարի հետ կապված ծախսերը հոգալու համար:
– Դուք հրաժարվե՞լ եք օգտվել առանձին բարերարի գումարներից, թե՞ նման բարերար չի գտնվել, որ Ձեզ միանգամից մեծ գումար տա:
– Նման մարդ չի եղել, որ մեզ մեծ գումար տա: Եվ չեմ կարծում, որ ճիշտը դա է` մեկ հոգուց գումար վերցնելը: Այդ մոտեցումը չի մտնում մեր ուժի որդեգրած քաղաքական սկզբունքների մեջ: Որևէ մեկ մարդու կամ մարդկանց մեկ խմբի ուժ չէ մեր կուսակցությունը և կուսակցությունների մեր դաշինքը:
– Իսկ ինչպիսի՞ հույսեր ունեք ընտրական արդյունքների հետ կապված:
– Ես վստահ եմ, որ և՛ ես, և՛ Նիկոլ Փաշինյանը գրանցելու ենք լավ արդյունք 4–րդ ընտրատարածքում, ուր առաջադրված ենք: Եվ այստեղից երկու մանդատ ենք վերցնելու:
– Այսինքն` լավատես եք:
– Ոչ, ես ռեալիստ եմ: Ես հաշվարկում եմ. մենք 4–րդ ընտրատարածքում ունենք բազմաթիվ համակիրներ:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: