«Երիտասարդական» կայարանում բացվել է «Հայոց լեռների արքա կովկասյան ընձառյուծ» ցուցահանդեսը
CultureWWF-Հայաստանը` «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի աջակցությամբ մարտի 3-ից ներկայացնում է «Հայոց լեռների արքա կովկասյան ընձառյուծ» խորագրով ցուցահանդես մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում: Ցուցահանդեսը կազմակերպվել է «Հայաստանում կովկասյան ընձառյուծի պահպանության» ծրագրի 15-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում, որն իրականացվում է «Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի»՝ WWF-Հայաստանի կողմից: Այս մասին տեղեկացրին WWF-Հայաստանից:
2002 թ.-ից սկսած Բնության համաշխարհային հիմնադրամը Հայաստանում իրականացնում է այս կենդանատեսակի պահպանման ծրագիրը, ինչի շնորհիվ կենդանին ոչ միայն վերադարձել է Հայաստան, այլ նաև գրանցել աճի դրական միտում: WWF-Հայաստանի «Կովկասյան ընձառյուծի պահպանության» ծրագրի համակարգող Արսեն Գասպարյանը նշում է.«Ցուցահանդեսի նպատակն է բարձրացնել մարդկանց իրազեկվածության մակարդակը մեր բնության զարդ հանդիսացող կովկասյան ընձառյուծի վերաբերյալ: Ամբողջ տարվա ընթացքում մենք մտադիր ենք իրականացնել բազմաթիվ միջոցառումներ, որոնք կշարունակեն ներկայացնել ընձառյուծի նշանակությունը Հայաստանի բնաշխարհի համար»:
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի տնօրենի տեղակալ Գևորգ Ավետիսյանը նշում է. «Մեզ շատ դուր եկավ նախաձեռնությունը և ուրախությամբ համաձայնվեցինք աջակցել ցուցահանդեսի կազմակերպմանը: Ընդհանուր առմամբ, Երևանի մետրոպոլիտենը խրախուսում է յուրաքանչյուր նախաձեռնություն, որը կրթական և մշակութային նշանակություն ունի»:
Ցուցահանդեսում ցուցադրված լուսանկարները ներկայացնում են ընձառյուծի հիմնական ապրելավայրերը, որս հանդիսացող կենդանատեսակները (բեզոարյան այծ, հայկական մուֆլոն, այծյամ և այլն), ինչպես նաև պահպանությանն ուղղված մի շարք միջոցառումներ: Մարտի 3-ը պատահական չէ ընտրված որպես ցուցահանդեսի բացման օր: Այն վայրի բնության համաշխարհային օրն է, որի նպատակն է բարձրաձայնել վտանգված տեսակների պահպանության կարևորությունն ամբողջ աշխարհում: Այս տարի օրվա կարգախոսն է «Լսի'ր երիտասարդների ձայնը»՝ խրախուսելով մեր մոլորակի ապագա առաջնորդ հանդիսացող և որոշում կայացնող երիտասարդներին պահպանել վտանգված վայրի բնությունը: