2016թ-ին ՀՀ-ում յուրաքանչյուր երրորդ օգտատեր համացանցում բախվել է կիբեռսպառնալիքների
SocietyԱյսօր կիբեռսպառնալիքներին բախվելու ռիսկի են ենթարկվում ոչ միայն շարքային օգտատերերը, այլև բիզնեսը, արդյունաբերական ձեռնարկությունները, ֆինանսական կազմակերպությունները, պետական կառույցները։ Այդ դեպքում չարագործները նպատակաուղղված են փողի կամ կազմակերպության աշխատանքի համար կրիտիկական գաղտնի տվյալների գողությանը, կամ էլ՝ ընդհանրապես ընկերության աշխատանքի կանգառին։ Անվտանգության բարձր մակարդակ են տրամադրում «Կասպերսկի Լաբորատորիայի» լուծումները, որոնք ապահովում են ինչպես օգտատերերի, այնպես էլ բիզնեսի պաշտպանությունը կիբեռսպառնալիքներից։

Այսպես, բոլոր սարքերի համար Kaspersky Internet Security-ն պաշտպանում է օգտատերերին, իսկ Բիզնեսի համար Kaspersky Total Security-ն ապահովում է ընկերությունների պաշտպանությունը կիբեռսպառնալիքների բոլոր տեսակներից: Այդ մասին լրատվամիջոցների համար կազմակերպված հանդիպում-քննարկման ժամանակ ասաց , «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության հիմնադիր, ծրագրավորող, անտիվիրուսային անվտանգության գծով մասնագետ Եվգենի Կասպերսկին:

«Կասպերսկի լաբորատորիայի» հետազոտությունների և սպառնալիքի գլոբալ կենտրոնի ղեկավար Սերգեյ Նովիկովն էլ, ներկայացնելով հայ երեխաների ինտերնետային այցելությունների վիճակագրությունը, նշեց, որ ծնողներից շատերը չեն պատկերացնում, թե ինչ կայքեր են այցելում իրենց երեխաները:
«Հայ երեխաների շուրջ 87 տոկոսն օգտագործում է ինտերնետային հաղորդակցությունների միջոցներ: Երեխաները հիմնականում սոցիալական ցանցեր են այցելում»:
Նա նաեւ հավելեց, որ նման վիճակագրությունը համապատասխանում է համաշխարհային ցուցանիշներին: Ըստ Ս. Նովիկովի՝ երեխաների շուրջ 22 տոկոսն այցելում են այնպիսի կայքեր, որտեղ անպարկեշտ բառեր պարունակող նյութեր կան, շուրջ 20 տոկոսը` ալկոհոլի, ծխախոտի, թմրանյութերի մասին կայքեր, իսկ համակարգչային խաղերի կայքերի այցելություններն էլ կազմում են շուրջ 17 տոկոս: Մնացած 16 տոկոսը՝ աուդիո, տեսահոլովակ, ծրագրային ապահովում, 15 տոկոսը՝ էլեկտրոնային առևտուր, 6 տոկոսը՝ էրոտիկա և պոռնոգրաֆիա, 5 տոկոսը՝ այլ կայքեր (զենք, բռնություն, աշխատանք և այլն):

Քննարկման ժամանակ հրապարակվեցին նաեւ «Կասպերսկի Լաբորատորիայի» կողմից արված ուսումնասիրությունների արդյունքները, ըստ որի՝ 2016 թվականին Հայաստանում յուրաքանչյուր երրորդ օգտատերը համացանցում բախվել է կիբեռսպառնալիքների՝ վնասաբեր ծրագրերի, ցանցահենային գրոհների, դրամաշորթության (մասնավորապես, կեղծ, ֆիշինգային էջերի), սպամի և շատ այլ բաների։ Բացի այդ, Հայաստանում օգտատերերի 40%-ը ենթարկվել է, այսպես կոչված, տեղային սպառնալիքների՝ վնասաբեր օբյեկտների, որոնք սարքեր են թափանցում հանովի կրիչների միջոցով (օրինակ՝ ֆլեշ-հիշողությունների)։ Իսկ ևս 10%-ն ունեցել է շարժական սարքերի սպառնալիքների հետ բախման փորձառություն։ «Կասպերսկի Լաբորատորիան» նման տվյալներ է ստացել Kaspersky Security Network* ամպային ենթակառուցվածքի օգնությամբ 2016 թվականի արդյունքներով հավաքված ներքին վիճակագրական վերլուծությամբ։