Մինչև տարեվերջ Արցախի անկախությունը ճանաչող պետության մասին Էդ. Նալբանդյանի հայտարարությունն ունի նախընտրական բնույթ. «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է.
Մեր հյուրն է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը
– Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ հնարավոր է` մինչև տարեվերջ մեկ երկիր ճանաչի ԼՂ անկախությունը: Դուք կռահումներ ունե՞ք` դա ո՞ր երկիրը կարող է լինել:
– Ճիշտն ասած, մի քիչ զարմացած եմ, և այդ հայտարարությունն ավելի շատ կապում եմ այն հանգամանքի հետ, որ նախընտրական շրջանում ենք: Մեր արտաքին քաղաքական գերատեսչությունը փորձում է ցույց տալ, որ պետք է լուրջ արդյունքի սպասել: ՀՀԿ վարած արտաքին քաղաքականության նկատմամբ սպասումներ է ձևավորում:
Իրականում ճանաչումը մի բան է, որը պետք է արվի խիստ անակնկալ կերպով, որպեսզի Ադրբեջանը չկարողանա դրա դեմ աշխատել: Ես, իհարկե, ուրախ կլինեմ, եթե մինչև տարեվերջ տեսնենք դա: Բայց եթե չտեսնենք, ի՞նչ են հայտարարելու: Նորից մեղքը գցելու են խավիարի՞ վրա: Մյուս կողմից՝ մենք չգիտենք մինչև տարեվերջ Էդ. Նալբանդյանը արտգործնախարար կլինի՞, թե՝ ոչ: Ումի՞ց ենք պահանջելու այդ հայտարարության արդյունքը և ճանաչած պետությունը: Նույնիսկ եթե դիտարկենք, որ ՀՀԿ–ն է ձևավորելու գործադիր իշխանություն, այդ դեպքում անգամ երաշխիք չկա:
– Մի քանի տարի առաջ մերոնք հայտարարեցին, որ Ուրուգվայը կարող է ճանաչել ԼՂ անկախությունը, բայց թերևս Ադրբեջանի ջանքերի «շնորհիվ» դա տեղի չունեցավ: Գուցե այս անգամ մեր ԱԳՆ–ն անուն չի նշում` մարտավարական նկատառումների՞ց ելնելով:
– Ամեն դեպքում, դա պետք է լինի մի երկիր, որը Ադրբեջանում էներգետիկ, ռազմաքաղաքական շահեր չունի: Եվ, բնականաբար, այդ երկիրը պետք է լինի մեր տարածաշրջանից շատ հեռու նաև ֆիզիկական տեղակայվածության առումով: Միգուցե համարենք նաև, որ հայտարարության հասցեատերը Ադրբեջանն է, ով այս օրերին ռազմական ագրեսիայի քայլ է անում: Եվ մեր ԱԳՆ–ն գուցե հասկացնում է, որ դա ավելի կարագացնի Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացը:
– Փետրվարի 25–ի սրացումները հատկապես Արևմուտքի կողմից խստորեն դատապարտվեցին: Նշվեց, որ հարցը չի կարող ունենալ ռազմական լուծում: Գուցե Նալբանդյանի հայտարարությունը պետք է դիտել ա՞յս համատեքստում` որպես նախազգուշացում, որը կարող է համաձայնեցված լինել Մինսկի խմբի հետ:
– Չեմ կարծում, թե դա կարող է համաձայնեցված լինել: Բայց ապրիլյան պատերազմից հետո Անվտանգության խորհրդի նիստում Ս. Սարգսյանը հասկացնել տվեց, որ Ադրբեջանի ցանկացած ռազմական ավանտյուրա ուղղակի կարագացնի Հայաստանի կողմից Արցախի ճանաչումը: Այսինքն, հնարավոր է, որ դա լինի հենց Հայաստանը: Ինչ վերաբերում է այլ պետության կողմից ճանաչմանը, թերևս սա մի բան է, որը նախևառաջ կարող է համաձայնեցված լինել միայն այդ պետության ղեկավարության հետ: Մենք կարող ենք նշել, որ Մինսկի խմբի գոնե արևմտյան համանախագահները, նկատի ունեմ ԱՄՆ–ն և Ֆրանսիան, խորապես հասկանում են, որ Ադրբեջանի նման դիրքորոշման դեպքում խնդրի կարգավորման այլ տարբերակ չի կարող լինել, որ նրա գործողություններն իսկապես կարող են հանգեցնել Արցախի ճանաչմանը: Այս կտրվածքով գուցե ճնշում չգործադրեն որևէ պետության վրա, որ վերջինս դա չանի:
– Եթե Արցախը ճանաչվի, դա ինչպե՞ս կարող է փոխել բանակցային պրոցեսի բովանդակությունը և տրամաբանությունը:
– Դա անշրջելի է դարձնում Արցախի կարգավիճակի վիճարկման ցանկացած փորձ: Լրջորեն կասեցնում է Ադրբեջանի կողմից ռազմական ճանապարհով հարցը լուծելու որևէ փորձ, որովհետև այդ մեկ երկրին կհաջորդեն այլք: Միով բանիվ, ճանաչումը լուրջ հաղթաթուղթ կլինի հարցի խաղաղ կարգավորման համար:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: