Ավարտվել է լեռնադահուկային սպորտի Հայաստանի բաց առաջնությունը
SportԾաղկաձորում ավարտվել է լեռնադահուկային սպորտի Հայաստանի բաց առաջնությունը: Մարզիկները մրցել են հատուկ և հսկա ոլորավայրէջքներում:
ՀԱՕԿլրատվականի հետ զրույցում Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը նշել է, որ հայ լեռնադահուկորդները վարկանիշային աղյուսակում բարելավել են դիրքերը.
«Լեռնադահուկային սպորտում տղաները վաստակեցին վարկանիշային միավորներ: Կարծում եմ, որ մրցաշրջանը լավ դիրքերից կսկսեցին: Հուսանք` կունենաք այնքան միավորներ, որ կկարողանանք քվոտա ստանալ: Ցավոք, մենք միայն մեկ քվոտա ենք ակնկալում: Հայաստանի բաց առաջնության արդյունքները բավարար էին:
Երիտասարդներից աչքի ընկան Աշոտ Կարապետյանը, Վազգեն Առաքելյանը, Հարություն Հարությունյանը, Գրիշա Վարդանյանը: Բայց, միևնույն ժամանակ, աշխատելու շատ տեղ ունենք: Երիտասարդ տղաներից ավելի բարձր արդյունքներ էինք ակնկալում: Մեր աղջիկները դեռ փոքր են: Ընդհատում ունեցանք լեռնադահուկային սպորտում: Այժմ տարեցտարի աճ ենք գրանցում»,- ասել է ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը և ավելացրել, որ մի քանի օրից հայ լեռնադահուկորդները կմեկնեն Ավստրիա՝ մասնակցելու վարկանիշային մրցաշարի:
Ճիշտ է, դեռ հստակ որոշված չէ, թե ովքեր կլինեն թիմի կազմում: Այնուհետև, Ավստրիայում լեռնադահուկորդներն ուսումնամարզական հավաք կանցկացնեն: