Մարտուն Գրիգորյանը՝ Գյումրիում ընտրակաշառքի չափի մասին. «Մենք էլ ենք 10 հազար ուզում, բայց ո՞վ է տալիս». «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը օրերս ԱԺ–ում դժգոհեց, որ ՏԻՄ վերջին ընտրությունների ժամանակ «ընդդիմությունը բարձրացրեց ընտրակաշառքի չափը»: «Գնացեք Գյումրիում հարցրեք, թե ո՞վ էր ընտրակաշառք բաժանում, և ո՞վ էր բարձրացրել ընտրակաշառքի գինը»,–հայտարարեց Հարությունյանը: Տեղեկություն կա նաև, որ իշխանությունը ծրագրել էր Գյումրիում 10 հազարական ընտրակաշառքով պրծնել:
Գյումրեցի նախկին ԲՀԿ–ական, այժմ ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված Մարտուն Գրիգորյանից «Փաստը» փորձեց ճշտել այս տեղեկությունը: Ի դեպ՝ նախորդ տարի ՀՀԿ թեկնածու Մարտուն Գրիգորյանը «Լույս» կրթական հիմնադրամից 75 մլն դրամ գումար է ստացել Գյումրու որոշ փողոցների քարապատման համար ու չի թաքցնում, որ նախընտրական շրջանում դա ներկայացվելու է որպես իր կողմից արված աշխատանք:
– Պարոն Գրիգորյան, Խոսրով Հարությունյանը ԱԺ–ում բողոքեց, որ ընդդիմությունն ավելացրեց Գյումրիում ընտրակաշառքի չափը, դա ճի՞շտ է: Նաև՝ ճի՞շտ է, որ իշխանությունն ուզում էր 10 հազարական դրամ ընտրակաշառքով պրծնել Գյումրիում:
– Ես նմանատիպ ինֆորմացիա չունեմ: Մենք էլ ենք 10 հազար ուզում, բայց ո՞վ է տալիս: Միգուցե Խոսրով Հարությունյանն ավելի լավ կապեր ունի Գյումրի քաղաքում, իրան ավելի տեսանելի է, թե ով ինչքան է տալիս, ինչքան է բարձրացնում: Իսկ ՏԻՄ ընտրությունների պրոցեսներից ինչքան որ տեղեկացված եմ, ինֆորմացիա չունեմ, որ գումար է բաժանվել:
– Ասել է թե՝ Խոսրով Հարությունյանը ճիշտ չի՞ ասում:
– Կարող է Խոսրով Հարությունյանն իր ինֆորմացիան ունի, ես ունեմ էն, ինչ ունեմ, ես իմ մասով եմ ասում:
– Իսկ կրթական «Լույս» հիմնադրամը շարունակո՞ւմ է Ձեզ աջակցել:
– Այո: Ձմեռային սեզոնին բնականաբար շինարարական աշխատանքներ չի գնում, աշխատանքները եղանակային պայմաններից ելնելով կիսատ են մնացել, սպասում ենք էս մեկ ամիսն էլ դուրս գա, եղանակները կարգավորվեն, որ էդ 2 փողոցն ավարտին հասցնենք ու ըստ այդմ, տեսնենք հաջորդ փողոցը ոնց ենք անելու, որ Արցախ թաղամասն ամբողջությամբ կապիտալ կառուցված թաղ լինի: Դեռ կիսատ են աշխատանքները, գումարները փոխանցված են, ուղղակի սպասում ենք եղանակային պայմանները բարելավվեն: Էնպես չի, որ սպասում ենք մենակ էս հիմնադրամին: Մենք տարբեր հիմնադրամների հետ բանակցությունների մեջ ենք:
– Հիմա փաստորեն քարոզարշավի ընթացքում «Լույս» հիմնադրամի միջոցներով կատարված ճանապարհաշինությունը ներկայացնելու եք որպես Ձեր կողմից կատարված աշխատա՞նք:
– Եթե կուզեք՝ կարող եմ ներկայացնել, որ Դուք եք էդ աշխատանքն արել... Իհարկե ներկայացնելու եմ, որ «Լույս» հիմնադրամի հետ մենք կարողացել ենք դա անել: Այսինքն՝ պատգամավորի ճիշտ աշխատանքը կազմակերպելու, խնդիրը ճիշտ տեղին հասցնելու արդյունքում Գյումրին էսօր ունի երկու` կապիտալ կառուցված, կոյուղատար համակարգը, էլեկտրասյուներն ամբողջությամբ փոխված, գազի խողովակները փոխված և ներկված թաղամաս: Վա՞տ է, թե՞ լավ է:
– Կարծում եք, որ «Լույսի» հետ Ձեր համագործակցությունը կշարունակվի՞:
– Կարծում եմ, որ կշարունակվի, որովհետև մենք նորմալ աշխատել ենք, վստահության հետ կապված խնդիր չունենք: Կյանքն էլ ցույց տվեց, որ էն ծրագիրը, որ մենք ներկայացրել ենք Գյումրի քաղաքի հետ կապված, արդյունավետ ծրագիր է, գումարը շատ տեղին է տրամադրվել ու օգտագործվել:
– Իսկ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ ձեր հարաբերություններն ինչպիսի՞ն են, քանի որ բավական սուր «հակամարտությամբ» մտաք ընտրապայքար: Հիմա էլ տարբեր տեղերում բախումներ են թեկնածուների միջև:
– Բա տեսնում եք՝ Գյումրին ինչ օրինակելի քաղաք է: Հասկանում եմ՝ լուրջ անհանգստություն կա, թե Գյումրիում ինչու բախում չկա, բայց ոնց որ թե դեռ ստացվում է մեզ մոտ նորմալ ընտրություններ կազմակերպելը: Ամեն մեկս մեր տեղում աշխատում ենք:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: