Սյունիքում կստեղծվեն հրշեջ հենակետեր
Սյունիքի մարզի տարածքում հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են հրշեջ-փրկարարական հինգ ստորաբաժանումների և հրշեջ-փրկարարական մեկ հենակետի միջոցով: Սակայն, ըստ ԱԻՆ Սյունիքի մարզային փրկարարական վարչության, այսօր մարզում խնդիր է հեռավոր համայնքների և բնակավայրերի սպասարկումը: Այդ նպատակով 2015-ից նախատեսվում է Սյունիքի հեռավոր գյուղական համայնքներում ստեղծել հրշեջ հենակետեր:
«Համաձայն ԵԿՄ և ԱԻՆ համագործակցության հուշագրի, այդ հենակետերում կներգրավվեն համայնքներում ապրող երկրապահները, որն էլ կխթանի մարզում կամավոր հրշեջ փրկարարական շարժման զարգացմանը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Արթուր Հարությունյանը:
Սյունիքում հրդեհաշիջման գործընթացում խնդիր է նաև հրշեջ հիդրանտների և ջրավազանների հարցը: Նախկինում գործող ջրագծերի փոխարինման զուգահեռ վերացել են հրշեջ հիդրանտները, ինչն էլ դժվարություն է առաջացնում հատկապես բազմաբնակարան շենքերում ծագած հրդեհների մարման ժամանակ:
Գոհար Իսախանյան