Տարբեր ժամանակներ, իհարկե, հրատարակվել են աշխարհահռչակ մարդկանց տարբեր տեսակետներ Հայաստանի ու հայ ժողովրդի մասին: Սակայն առկա էր դրանք մի հրատարակության մեջ հանրագումարի բերելու և ամբողջացնելու անհրաժեշտությունը: Ահա այս նպատակով էլ Կարեն և Սամվել Կարապետյանների հովանավորությամբ «Հայագիտակ» հրատարակչությունը լույս է ընծայել «Երկիր դրախտավայր» հանրագիտարանային ժողովածուն, որի շնորհանդեսը կայացավ այսօր: Գիրքն ամփոփում է հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը 300-ից ավելի հանրահայտ գրողների, պատմիչների, արվեստագետների, դիվանագետների, ճանապարհորդների, ռազմական, պետական ու քաղաքական գործիչների վկայությունները, բնութագրումները, հոդվածներն ու գեղարվեստական ստեղծագործությունները Հայաստանի ու հայ ժողովրդի մասին: Շնորհանդեսին «Տաշիր» հիմնադրամի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը, բարձր գնահատելով հեղինակի ու գրքի հրատարակման աշխատանքային խմբի ծավալուն աշխատանքը, նշեց, որ ժողովածուն կարևոր ձեռնարկ է ոչ միայն պատմաբանների, այլև պատմությամբ հետաքրքրվողների ու ընդհանրապես լայն շրջանակների համար: «Ներկայիս աշխարհաքաղաքական հարաբերություններում հաճախ առաջին ու երբեմն որոշիչ նշանակություն են ստանում տեղեկատվական հակամարտությունները: Մասնավորաբար մեր որոշ հարևաններ հսկայական գումարներ են ներդնում թե իրենց հասարակությանը, թե միջազգային հանրությանը ներկայացնելու առավելապես հնարովի, կեղծ տեղեկատվություն: Նավթադոլարներով փորձում են կեղծել ու վերաձևել իրենց ու հաճախ նաև մեր պատմությունը: Մենք նման խնդիր չունենք: Մեր առաջնային խնդիրն է պատշաճ մակարդակով աշխարհին մատուցել փաստերն ու իրականությունը: Եվ այս առումով «Երկիր դրախտավայր» ժողովածուն կարող է իր մեծ ներդրումն ունենալ», -ասաց Նարեկ Կարապետյանը: