Հայաստանում պատրաստի սննդի արտահանման ծավալներն աճել են 66,2 տոկոսով
EconomicsՀայաստանում 2017 թվականի հունվարին արտահանվել է 27 մլն 788,6 հազար ԱՄՆ դոլարի պատրաստի սննդի արտադրանք: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտահանվել էր 16 մլն 724,7 հազար ԱՄՆ դոլարի պատրաստի սննդի արտադրանք, ինչը նշա նակում է, որ այս տարվա հունվարին դրա արտահանումն ավելացել է 66,2 տոկոսով:
Միևնույն ժամանակ Հայաստան է ներմուծվել 17 մլն 283,6 հազար դոլարի պատրաստի սննդի արտադրանք, իսկ 2016 թվականի հունվարին 10 մլն 379,3 հազար դոլարի: Ներմուծման ծավալները նույնպես աճել են: Աճը կազմում է 66,5 տոկոս:
Կենդանի կենդանիների և կենդանական ծագման արտադրանքի արտահանման ծավալը 2017 թվականի հունվարին կազմել է 1 մլն 333,3 հազար դոլար, իսկ նախորդ տարվա հունվարին` 4 մլն 425,3 հազար դոլար` նվազելով 69,9 տոկոսով: Ներմուծման ծավալներն այս տարվա հունվարին կազմել են 5 մլն 411,5 հազար դոլար, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում` 5 մլն 524,5 հազար դոլար: Անկումը կազմել է 2 տոկոս:
Բուսական ծագման արտադրանքի արտահանումը նվազել է 20,5 տոկոսով: Այս տարվա հունվարին արտահանվել է 2 մլն 707,3 հազար դոլարի բուսական ծագման արտադրանք, իսկ նախորդ տարվա հունվարին 3 մլն 407,4 հազար դոլարի: Սակայն դրանց ներմուծման ծավալները 2017 թվականի հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 31,2 տոկոսով ավելացել են: Այս տարվա հունվարին ներմուծվել էր 9 մլն 992,9 հազար դոլարի, իսկ նախորդ տարվա հունվարին` 7 մլն 618,4 հազար դոլարի:
Ըստ պաշտոնական վիճակագրության, այս տարվա հունվարին արտահանվել է 8,8 հազար դոլարի կենդանական և բուսական ծագման յուղեր և ճարպեր, սակայն նախորդ տարվա արտահանման ծավալները ներկայացված չեն: Ներկայացված ներմուծման ծավալների համաձայն դրանք ավելացել են 3,2 անգամ: 2017 թվականի հունվարին ներմուծվել են 2 մլն 748,7 հազար դոլարի կենդանական և բուսական ծագման յուղեր և ճարպեր, իսկ նախորդ տարվա համանուն ժամանակահատվածում` 859,6 հազար դոլարի:
2017 թվականի հունվարին ընդհանուր արտահանման ծավալները կազմել են 121 մլն 471,4 հազար դոլար, իսկ 2016 թվականի հունվարին` 89 մլն 737,6 հազար, ինչը նշանակում է, որ արտահանման ծավալներն ավելացել են 35,4 տոկոսով: Միևնույն ժամանակ այս տարվա հունվարին Հայաստան է ներմուծվել 237 մլն 224,8 հազար դոլարի ապրանք, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում` 156 մլն 718 հազար դոլարի, որի արդյունքում աճի տեմպը կազմել է 51,4 տոկոս: