Թրենդային, բայց վտանգավոր․ վարդագույնի ու կարմիրի ճիշտ համադրության գաղտնիքները
LifestyleԴիզայներ Յանա Նեդզվեցկայան բացատրել է, թե ինչպես է պետք համադրել այս տարվա գլխավոր թրենդներից մեկը՝ վարդագույնն ու կարմիրը։ Մի քանի տարի առաջ դրանց համադրությունն անհնար էր թվում, իսկ այսօր նորաձևության շաբաթները լցված են այս գույների համադրություններով:
Յանան ասում է, որ առաջինն այս գույները միասին է ներկայացրել Զակ Պոզենը։ Ըստ Նեդզվեցկայայի՝ դիզայներն ոգեշնչվել է ֆլամինգոների գունավորումից։ Նրա ցուցադրությանը ներկայացվեցին մի քանի զգեստներ, որոնց մեջ օգտագործված էին կարմիրի ու վարդագույնի ամենատարբեր երանգները։
Աստղերը ևս սկսել են օգտագործել այս համադրությունը։ Օրինակ՝ Քեյթ Բլանշեթը փառատոններից մեկին ներկայացել է հենց այդպիսի զգեսով։ Նրա օրինակին են հետևել նաև Հոլիվուդի այլ աստղեր։
Դիզայներն ասում է, որ կարմիր գույնն ոգեշնչող, կրքոտ ու կանչող գույն է։ Այս գույնը միանգամից ուշադրություն է հրավիրում այն հագնողի վրա։ Վարդագույնը նրբության ու հանգստության գույնն է։ Այն միշտ ասոցացվում է հոգատարության ու քնքշանքի հետ։ Այս երկու գույների համադրությունն ուժեղ, բայց նուրբ կանանց համար է։

«Պետք չէ վախենալ ու խուսափել այս գույների համադրությունից։ Պարզապես պետք է ճիշտ ընտրել երանգները։ Ձմռան մռայլությունից հետո վառ գույներ ստեղծեք ձեր զգեստապահարանում»,- ասում է դիզայները։
Նորաձևության մեջ ամեն ինչ մանրուքներից է կախված։ Կարող եք կարմիր տաբատ ու բաց վարդագույն վերնաշապիկ հագնել ու նուրբ և երիտասարդական կերպար կստանաք, սակայն, եթե վարդագույն տաբատ ու կարմիր բլուզ հագնեք, միանգամից ավելի հասուն և կայացած տեսք կստանաք։
Մի վախեցեք փորձարկումներից, պարզապես համոզվեք, որ դրանք տեղին ու համապատասխան են։





