Գյումրիում մեկնարկեց Բրիտանական ֆիլմերի փառատոնը
CultureԳյումրիում մարտի 8-ին մեկնարկեց Բրիտանական ֆիլմերի փառատոնը: Ցուցադրությունները տեղի են ունենում «Հոկտեմբեր» կինոթատրոնում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Բրիտանական խորհրդի արվեստի ծրագրերի ղեկավար Նարեկ Թովմասյանը, հոբելյանական 15-րդ փառատոնի հատուկ ծրագրի շրջանակում, ցուցադրվելու է երեք ֆիլմ՝ «Երազորսիչ», «Խավարը կպատի աշխարհը» և «Հարձակում չարքի վրա»:
«Մարզերի մշակութային կյանքն ավելի ակտիվացնելու նպատակով փառատոնը պարբերաբար անցկացվում է նաև մարզերում: Սա գերազանց հնարավարություն է բրիտանական ժամանակակից կինոարվեստի նվաճումները ցուցադրելու նաև մարզերում»,- նշեց պատասխանատուն՝ հավելելով, որ տարեցտարի բրիտանական խորհուրդն ընդլայնում է թե՛ մարզերի և թե՛ քաղաքների աշխարհագրությունը: «Փորձում ենք այնպիսի տեղեր գնալ, որ նախկինում չենք եղել: Այս տարին հոբելյանական է ու մենք շատացրել ենք նաև ցուցադրությունների քանակը: Ընդհանուր առմամբ, փառատոնի նկատմամբ ևս գնալով Õ �ետաքրքրությունն ավելի է մեծանում»,- ավելացրեց Նարեկ Թովմասյանը:
Գյումրիում փառատոնի մեկնարկն ազդարարվեց «Երազորսիչ» խաղարկային վավերագրական ֆիլմով: Օրվա խորհրդով պայմանավորված, այն բարձրաձայնում է կանանց իրավունքների հարցը: Ֆիլմը պատմում է Չիկագոյում բնակվող մարմնավաճառուհու մասին, ով տարիների ընթացքում ինքն է փորձում օգնել փողոցում հայտնված կանանց: Ֆիլը ցուցադրվեց անգլերեն՝ հայերեն ենթագրերով:
Արմենուհի Մխոյան