Վերատի. Կավանիի գոլից հետո «Բարսելոնայի» խաղացողներն ասում էին, որ այս խաղը հնարավոր չէ փրկել
SportՖրանսիական ՊՍԺ-ի իտալացի կիսապաշտպան Մարկո Վերատին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնայից» կրած 1:6 հաշվով պարտությունից հետո խոստովանել է, որ մրցակիցն արժանի էր հաջորդ փուլ դուրս գալուն:
«Բարսելոնան» արժանի էր հաջորդ փուլ դուրս գալուն: Նրանք մեծ ճնշում էին գործադրում առաջին խաղակեսում, իսկ մեզ համար հեշտ չէր: Ընդմիջումից հետո սկսեցինք խաղալ ավելի լավ, բայց բաց թողեցինք նաեւ երրորդ գոլը: Մեզ համար դա լուրջ ահազանգ էր: Չէր կարելի գործը հասցնել այդպիսի լարված վերջնամասի: Կավանիի գոլը վերադարձրեց հանգստությունը: Այդ ժամանակ ես զրուցեցի «Բարսելոնայի» խաղացողների հետ, եւ նրանք ասում էին, որ այս խաղն այլեւս հնարավոր չէ փրկել: 5 րոպեում բաց թողած 3 գոլը չունի բացատրություն: Սա ֆուտբոլ է: Երբեք չեմ մոռանա այս խաղը: Հուսով եմ, բոլորը դասեր կքաղեն: Պետք է ուժ գտնենք մեր մեջ եւ բարձր պահենք գլուխները: Պարտվեցինք 1:6 հաշվով, եւ այստեղ մրցավարները ոչ մի կապ չունեն: Մեղավոր ենք ինքներս»,- Վերատիի խոսքը մեջբերում է L`Equipe-ը:
Հիշեցնենք, որ առաջին խաղում ՊՍԺ-ն հաղթել էր 4:0 հաշվով, սակայն «Բարսելոնան» տպավորիչ ռեւանշի հասավ 6:1 հաշվով եւ դուրս եկավ հաջորդ փուլ: Ընդ որում՝ մինչեւ 88-րդ րոպեին հաշիվը 3:1 էր: