Բանակին 15 մլն դոլար տված Արզաքանցյանը վստահ է, որ այդ պատճառով չի սնանկացել. «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է.
Գավառում ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Տիգրան Արզաքանցյանը «Փաստի» հետ զրույցում վստահեցնում է, որ ընտրվելու է առանց գումար բաժանելու, ճիշտ է՝ իր հիմնադրամի միջոցով բարեգործություններ է անելու: Նա նաև վստահեցնում է, որ իր ֆինանսական խնդիրները չեն սկսվել այն բանից հետո, երբ որոշել է բանակին 15 մլն դոլար գումար տալ:
Ներկայացնում ենք «Փաստի» հետ ՀՀԿ թեկնածուի զրույցը:
– Պարոն Արզաքանցյան, Դուք տևական ժամանակ Գավառում չէիք, մրցակցությանը կարո՞ղ եք դիմանալ, գավառցիները Ձեզ հիշո՞ւմ են:
– Մրցակցությանը կարամ դիմանամ, թե չէ, էդ կարաք թույլ մարդկանց հարցնեք, ես դրանց շարքին չեմ պատկանում: Իմ դեմ եղած մրցակիցները պետք է դիմանան համ ինձ, համ քարոզարշավին: Ինձ էլ չեն կարա դիմանան, որովհետև մարդիկ պետք է հասկանան՝ ով են եղել իրանք, ինչ են ուզում, որ էսօր ուզում են դառնան թեկնածու, ինչ են արել մինչև էսօր մեր երկրի համար, ինչով են պետք եկել, իրանցից ինչ են ներկայացնում: Հիմա պիտի գան «լյա–լյա» կարդան ժողովրդի գլխին, սուտ խոսքեր ասեն, գումարներ խոսք տան, իմ մեջ չկան տենց բաներ:
– Ուզում եք ասել՝ Ձեզ առանց գումարի ընտրելո՞ւ են:
– Ես ոչ մի անգամ իմ ընտրվելու համար գումար չեմ ծախսել: Ես ծախսել եմ գումարներ իմ հիմնադրամի բարեգործություններով լավ գործեր անելու համար, որ մինչև հիմա իմ արած գործերը մարդիկ վայելում են:
– Իսկ հիմա Դուք ֆինանս ունե՞ք հիմնադրամի միջոցով բարեգործություն անելու համար: Հայտնի է, որ ֆինանսական լուրջ խնդիրներ ունեիք վերջին շրջանում:
– Ուրեմն մարդ ինչքան ապրում ա, միշտ ֆինանսական խնդիրները կան: Իմ գործերը լրիվ նորմալ գնում ա, ճգնաժամը գալիս–գնում ա, էսի կյանք ա: Մի մարդ կարա՞ ասի, որ իմ մոտ ոչ մի դժվարություններ կյանքում չեն եղել: Ես հիմա խնդիրներ չունեմ ֆինանսական, իմ գործերն էլ նորմալ ա գնում: Հիմնադրամի կայքը շուտով կգործի: Ես նենց եմ ուզում անեմ, մարդիկ դրսերից հետ գան, իրանց դռան դեմը լինեն, իրանց ընտանիքի հետ լինեն, աշխատեն: Ես արտադրություն եմ ստեղծում նորից: 1997–ին ես առաջին մարդն եմ եղել, որ քեշ գումարով խաղող եմ մթերել: Խաղողի այգիները էսօր որ շնչում են, ինձանով են շնչում: Գնացել եմ, խնդրել եմ ժողովրդին, ասել եմ չքանդեք ձեր տնկիները, 50%–ը միանգամից եմ տվել:
– Պարոն Արզաքանցյան, Դուք վերջերս ասացիք, որ 15 մլն դոլար եք տվել բանակին: Հնարավո՞ր է դա էր ազդել, որ Ձեր ընկերությունները սնանկացան Հայաստանում՝ «Գրեյթ վելին», «Աշտարակի գինիները»:
– Ոչ, չի ազդել, հիմա էլ որ գործերս լավ գնա, կարող ա նորից կրկնակի ավել էլ տամ: նախ՝ «Աշտարակի գինիները» դատական պրոցեսի մեջ է բանկի հետ, մինչև էս ամսվա մեջ բանկի հետ հաշտության պայմանագիր կկնքենք: Իսկ «Գրեյթ Վելիի» հետ ես 9 տարի կապ չունեմ:
– Բայց Դուք հենց 9 տարի առաջ եք այդ 15 մլն դոլարը տվել:
– 9 տարի առաջ իմ գործերը փայլում էին: Ես դուրս եմ եկել, գործարանը էլի լավ աշխատել ա, բայց թե դրանից հետո ինչ են արել, ես դրա հետ կապ չունեմ: Իսկ գումարը որ տվել եմ, կարո՞ղ ա վատ բան եմ արել: Մեր բանակին օգնություն եմ ցույց տվել:
– Իսկ ո՞վ էր Ձեզ դիմել, որ նման գումար տայիք, Սերժ Սարգսյա՞նը:
– Ոչ, Սերժ Սարգսյանն ընդհանրապես կապ չունի իմ գործերի հետ, որ խնդրի, որ ես անեմ: Ես էդ արել եմ հիվանդ ժամանակս, երբ իմ վրա մահափորձ էին արել: Էդ ժամանակ իմ փողն իմ աչքին չէր գալիս ոչ մի ձևի: Ես մենակ մտածում էի՝ շուտ առողջանամ: Էդ ժամանակ քո առղջության մասին ես մտածում, ընտանիքի մասին ես մտածում ու հայրենիքի մասին ես մտածում, ուրիշ բաներ չես կարում մտածես: Ես տարբեր հիմնադրամներին գումարը չտվեցի, տվեցի բանակին, որ մեր «սալդատներին» կարող ա պետք գա՝ սնունդի մեջ, հագուստի մեջ:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: