Գազը Ռուսաստանի ապրանքն է` ինչ գին ուզի, կդնի. դա քաղաքական շանտաժ չէ. «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է.
Մեր հյուրն է «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը
– Մի քանի օր Բիշքեկի համաժողովում ՌԴ վարչապետը հայտարարեց, որ եթե որոշ երկրներ ԵԱՏՄ–ում չլինեին, նրանք գազի համար կվճարեին միջազգային գին: Արդյոք սա չի՞ նշանակում, որ Մոսկվան շանտաժի միջոցով է երկրներին պահում ԵԱՏՄ շրջանակներում:
– Դա քաղաքական գնահատականի հարց է: Բոլոր երկրները այս կամ այն ինտեգրացիոն գործընթացներում և ընդհանրապես, արտաքին քաղաքականության մեջ փորձում են օգտագործել իրենց ունեցած ռեսուրսները: Դա Ռուսաստանի ապրանքն է: Ինչ գին ուզում է, կարող է դնել: Եթե Ռուսաստանը ցանկանում է, որ դա աշխարհաքաղաքական գործոն դառնա հօգուտ իրեն, կարող է որոշ երկրների համար սահմանել ոչ շուկայական գին: Արդյո՞ք դա շանտաժ է` կախված է քաղաքական գնահատականից: Եթե դուք գաղափարախոսական կամ այլ նպատակներից ելնելով ունեք հակառուսական մտադրություններ, կարող եք այդպես անվանել:
– Այսինքն, նա պարզապես օգտագործում է ձեռքի տակ եղած լծակները:
– Բոլոր երկրները դա օգտագործում են: Ռուսաստանը ո՛չ բացառություն է, ո՛չ էլ օրինակ:
– Մի քանի օր առաջ «Եվրանյուզին» տված հարցազրույցում ՀՀ նախագահը նշել էր, որ 2013–ին Հայաստանն անդամակցել է ԵԱՏՄ–ին, որպեսզի գազի համար վճարի ներքին գներով: Փաստորեն Ռուսաստանն իր ռազմավարական դաշնակցի նկատմամբ էլ է այդ լծակները կիրառում:
– Երկրների միջև հարաբերությունները ենթադրում են համակողմ պարտավորություններ` դու կարող ես առաջարկել մի բան, որ բխում է քո շահերից, դիմացինը` մեկ այլ բան և այլն: Այնպես չէ, որ մենք ռուսների սիրուն աչքերի համար ենք մեր տարածքում նրանց ռազմակայան տրամադրել, կամ էլ մեր սիրուն աչքերի համար են ռուսները մեզ զենք կամ գազ տալիս արտոնյալ պայմաններով: Եթե կա շահերի համընկնում, կան նաև դաշնակցային հարաբերություններ: Եվ հակառակը:
– Ի դեպ, մի առիթով ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլիթոնն ասել էր, որ Ռուսաստանը այլ երկրների հետ հարաբերություններում իրեն պահում է «խուլիգանի պես»:
– Դա քաղաքական գնահատական է: Ես սկզբից էլ ասացի` դա կախված է նրանից, թե ինչ քաղաքական դիրքորոշում ունեք: Սառը պատերազմի ժամանակ խորհրդային ղեկավարությունը նման բաներ էր ասում ԱՄՆ–ի ղեկավարության հասցեին: Եթե ձեր նպատակն է ցույց տալ, որ Ռուսաստանը վատն է, դա դժվար չէ` մեջբերումներ անելով Քլինթոնից մինչև Ռեյգան: Եթե խնդիրը քաղաքական դաշտում տարբեր երկրների և գերտերությունների մոտեցումները վերլուծելն է, դա այլ բան է:
– Մեդվեդևի խոսքը նախևառաջ ուղղված էր թերևս Բելառուսին, որը վերջին ժամանակներս սպառնում է դուրս գալ ԵԱՏՄ–ից: Սակայն ի պատասխան Մեդվեդևի` Լուկաշենկոն նշեց, որ հաշվապահությունը չպետք է լինի ռուս–բելառուսական հարաբերությունների հիմքում: Շատ ավելի խորը բաներ կան:
– Մեդվեդևի խոսքը նախևառաջ ուղղված էր թերևս Բելառուսին, որը վերջին ժամանակներս սպառնում է դուրս գալ ԵԱՏՄ–ից: Սակայն ի պատասխան Մեդվեդևի` Լուկաշենկոն նշեց, որ հաշվապահությունը չպետք է լինի ռուս–բելառուսական հարաբերությունների հիմքում: Շատ ավելի խորը բաներ կան:
– Լուկաշենկոն նաև նշել էր, որ եթե իրենք գազի համար վճարեն ինչպես Եվրոպայում, ապա Ռուսաստանը ստիպված կլինի ինչ–որ բանի համար շատ ավելի թանկ վճարել: Ըստ Ձեզ, Լուկաշենկոն ի՞նչ նկատի ուներ:
– Ռուսական գազի և ոչ միայն գազի տրանզիտի գինը Բելառուսի տարածքով դեպի Եվրոպա: Հասկանալի է, որ տնտեսական և քաղաքական պայքարում կողմերը փորձում են օգտագործել սեփական ռեսուրսները և արգումենտացիան: Այո՛, Բելառուսը Ռուսաստանից արտոնյալ պայմաններով ստանում է որոշ ապրանքներ, հատկապես էներգակիրներ, դրա դիմաց, Բելառուսի կարծիքով, ավելի արտոնյալ պայմաններ են տրվում տրանզիտի համար: Բայց իրականում երևի թե ճիշտն այն է, որ Ռուսաստանն արտոնյալ պայմաններ է սահմանել Բելառուսի համար ոչ թե տրանզիտի, այլ իր քաղաքական ու ինտեգրացիոն գործընթացները հետխորհրդային տարածքում զարգացնելու համար:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: