Հայաստանը ղեկավար դերակատարում ունի ԵԱՏՄ-Իրան բանակցություններում
EconomicsԵվրասիական տնտեսական միությունը շարունակում է համագործակցության շուրջ բանակցությունները Իրանի հետ. բանակցություններում ղեկավար դերակատարում ունի Հայաստանը: Երևանում միջազգային երկխոսության «Վալդայ» ակումբի արտագնա նիստի ընթացքում իր ելույթում այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը:
«Այստեղ մենք ակտիվ դերակատարում ո ւնենք, քանի որ մենք ԵԱՏՄ անդամ երկրներից միակն ենք, որը ցամաքային սահման ունենք Իրանի հետ, ինչպես նաև համագործակցության ահռելի փորձ ունենք»,- նշեց Գաբրիելյանը:
Նա հավելեց, որ Հայաստանում շատ լավ գիտեն իրանական շուկայի առանձնահատկությունները, բիզնես վարելու նրանց մեթոդները: «Մենք այս ուղղությամբ ղեկավար դերակատարում ունենք, իսկ Իրանի հետ սերտ համագործակցությունը համարվում է մեր առաջնահերթություններից մեկը»,- ընդգծեց փոխվարչապետը:
Նա անդրադարձավ նաև Հայաստանի և Եվրոպական Միության միջև տնտեսական համագործակցությանը: Վաչե Գաբրիելյանը նշեց, որ ՀՀ-ի և ԵՄ-ի միջև տնտեսական համագործակցությունը նույն մակարդակի վրա չի լինի, որը նախատեսվում էր խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրով, քանի որ ՀՀ-ն արդեն ԵԱՏՄ անդամ է, սակայն Հայաստանը բոլոր հնարավոր տարբերակներով շարունակում է ԵՄ-ի հետ համագործակցությունն ու երկխոսությունը: