Համաշխարհային սարդոստայնի հիմնադիրը կոչ է անում վերջ տալ անձնական տվյալները ոչ իրավաչափ օգտագործելուն
SocietyՀամաշխարհային սարդոստանի հիմնադիր սըր Թիմ Բերներս-Լին իր տեսլականն է ներկայացրել, թե ինչպես կարելի է դիմակայել համացանցում տվյալների չարաշահմանն ու կեղծ նորություններին: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Համաշխարհային սարդոստայնի ստեղծման 28-ամյակի առիթով հրապարակած բաց նամակում նա մտահոգություն է հայտնել համացանցում այնպիսի երեւույթների դեմ, ինչպիսիք են կեղծ նորությունները, անձնական տվյալների անձեռնմխելիության իրավունքի խախտումը, քաղաքական գովազդի ոլորտում չարաշահումները, ինչպես նաեւ դրա դեմ պայքարի 5-ամյա ռազմավարություն ներկայացրել:
Սըր Թիմ Բերներս-Լին կարծում է, որ հարկավոր է նախ վերջ տալ անձնական տվյալները ոչ իրավաչափ օգտագործելուն, ինչը խախտում է խոսքի ազատության իրավունքը: Նա նաեւ կոչ է արել խստորեն պայքարել էթիկայի սահմաններն անցնող քաղաքական գովազդի դեմ:
Նա հայտարարել է, որ կցանկանար համագործակցել ընկերությունների հետ, որպեսզի հնարավոր լինի «օգտատերերին վերադարձնել իրենց տվյալների նկատմամբ վերահսկողությունը»:
Սոցցանցերի ի հայտ գալն ուղեկցվեց դիտումների քանակի համար պայքարով, ինչը հանգեցրեց կեղծ լուրերի տարածմանը, որոնք հաճախ դժվար է տարբերել իրական նորություններից: