Դավիթ Տոնոյանն ընդունել է ԿԽՄԽ ներկայացուցիչներին. բարձրացվում է սահմանամերձ համայնքների աղետակայունությունը
SocietyՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը մարտի 13-ին ընդունեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ ԱԻՆ-ի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջև համագործակցության հնարավորություններն ու ուղղությունները, մասնավորապես՝ բնական և մարդածին աղետներից բնակչության խոցելիության նվազեցման և պատրաստվածության բարձրացման ծրագրերը, ինչպես նաև՝ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում արտակարգ իրավիճակներին բնակչության պատրաստվածությանն ուղղված միջոցառումները:
Կողմերի միջև պայմանավորվածություն ձեռքբերվեց՝ օժանդակել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում մանկապարտեզների և դպրոցների համար «ապահով սենյակների» կառուցման չափանիշների համալրման հարցում:
Իր խոսքում նախարար Տոնոյանը կարևորեց սահմանամերձ գյուղերի ԱԻՆ հենակետերում ծառայող փրկարարների ունակությունների ընդլայնումը առաջին բուժօգնության տրամադրման և հագեցման գործընթացում, ինչի համար էլ կազմակերպության հետ պայմանավորվածություն ձեռքբերվեց տեղում կատարելագործման դասընթացներ և գործնական պարապմունքներ կազմակերպելու շուրջ:
Հանդիպման ավարտին կողմերի միջև պայմանավորվածություն ձեռքբերվեց ՀՀ ԱԻՆ-ի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակի համատեղ աշխատանքներն իրականցնել տարեկան համագործակցության պլանների ձևաչափով: