Եղիշե Չարենց-120. Ընթերցասերներին կմատուցվի բանաստեղծի անտիպ ստեղծագործությունների ժողովածուն՝«Գիրք մնացորդաց»-ը
CultureՄարտի 13-ին լրանում է հանճարեղ բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 120-ամյակը: Լրագրողների հետ հանդիպմանը գրականագետ Դավիթ Գասպարյանն ու դերասան Ռուբեն Կարապետյանը խոսեցին Եղիշե Չարենցի մասին պատմող ներկայացման և «Գիրք մնացորդաց» խորագրով ժողովածուի մասին, որն այս տարի կդրվի ընթերցողի սեղանին:
«Այս տարի վերջապես ընթերցասերերին կհանձնենք «Գիրք մնացորդաց» ժողովածուն, որում զետեղված է Եղիշե Չարենցի անտիպ ժառանգությունը: Այն տպագրվել է 2012 թվականին, բայց ինչ-ինչ պատճառներով չի հասել ընթերցողներին»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ նշեց բանասիրական գիտություների դոկտոր Դավիթ Գասպարյանը:
Ըստ Գասպարյանի` Չարենցը գրական շարժում ստեղծեց` Երևանը գրական մայրաքաղաք դարձնելով: «Չարենցը և՛ խորհրդապաշտ էր, և՛ ապագայապաշտ, և՛ իրապաշտ. նա ամբողջական մարդ էր»,-շեշտեց գրականագետը:
ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Կարապետյանն ասաց, որ մարտի 13-ին «Գոյ» թատրոնում տեղի կունենա իր ելույթ-մենախոսությունը` «Իմ Չարենցը» խորագրով:
«Բեմադրության մեջ ներկայացնում եմ բանաստեղծին, նրա ճակատագիրը, որն ամբողջությամբ հայ ժողովրդի ոգու և նրա նվիրական զգացմունքների մասին է: Չարենցն իրեն անմնացորդ նվիրեց հայ մշակույթին, վաղվա օրվան, մաքրեց ավելորդ տատասկները և անապատում բերրի ու հրաշալի այգեստան ստեղծեց»,-ընդգծեց ՀՀ վաստակավոր արտիստը: