Գաղտնի կնոջ առեղծվածը Եղիշե Թադևոսյանի կտավում
CultureՌուսական արվեստի թանգարանը Կանանց միջազգային օրվա առթիվ մարտի10-ին արվեստի սիրահարներին հավաքեց մեկ նկարի շուրջ: Այդ նկարում պատկերված կինը մինչև վերջերս բոլորի համար գաղտնիք է եղել: Հայկական իմպրեսիոնիզմի առաջատար վարպետ Եղիշե Թադևոսյանի 1905 թ. «Կնոջ դիմանկարը» կտավը 2 անգամ ցուցադրվել է,սակայն արվեստասեր լայն հանրությանը քաջ հայտնի չէ: Կտավն արժանի է զգալի ուշադրության, քանի որ իր խիստ առանձնահատուկ գեղարվեստական լուծումներով հայկական մոդեռն-իմպրեսիոնիզմի մարգարիտներից մեկն է:
Մարտի 24-ին Մոսկվայի «Ռուսական իմպրեսիոնիզմի թանգարան»-ում կայանալիք «Հայկական իմպրեսիոնիզմը: Մոսկվայից Փարիզ» խորագրով ցուցահանդեսին ներկայացվելու նպատակով կտավը հետազոտվեց, որի արդյունքում բացահայտվեց բնորդուհու ինքնությունը, ով նկարչի կինն է` Ժյուստին Նեֆը:
Թանգարանի աշխատակիցները ոգևորված են, քանի որ մինչ օրս հնարավորություն չեն ունեցել անձամբ համագործակցել ռուսական թանգարանների հետ ցուցահանդեսային մակարդակով:
Մինչ ռուս հասարակությանը ներկայացվելը միջոցառումը հնարավորություն տվեց հայ հանդիսատեսին ևս մեկ անգամ հմայվել արվեստի ստեղծագործությամբ և ունկնդրել թանգարանի ավագ գիտաշխատող, արվեստաբան Լիլիթ Սարգսյանի դասախոսությունը, որտեղ նա ներկայացրեց իր հետազոտությունը Եղիշե Թադևոսյանի այս և նույն շրջանին վերաբերող մի քանի այլ կտավների մասին: Ներկայացվեցին նկարչի հետ կապված հետաքրքրաշարժ փաստավավերագրեր:
Եղիշե Թադևոսյանի և իր շվեյցարուհի կնոջ սերը առեղծվածային է եղել: Ժյուստինան իր ամբողջ կյանքը նվիրել է օտարազգի նկարչին: Թադևոսյանի ընկերներից մեկը իր հուշերում գրել է, թե մի անգամ մտել է իրենց տուն, տեսել է` մարդ չկա, առաջացել է: Սենյակում գտել է նրանց. Ժյուստինան անկողնում պառկած, Եղիշեն` ծնկած կնոջ առաջ:Կնոջը երկրպագելիս է եղել:
Պատմությունը լսելուց հետո ներկա հյուրերը կատակեցին` եթե կինը հայ լիներ, էդպես կերկրպրագե՞ր: Ասում են` հայ նկարիչները թուլություն են ունեցել եվրոպացի կանանց հանդեպ:
Հենց շվեյցարուհի կնոջ շնորհիվ է, որ հայ նկարչի աշխատանքները հասել են մեզ:
Արվեստասեր հասարակության շրջանակներում Եղիշե Թադևոսյանի 1905 թ. «Կնոջ դիմանկարը» հանրահռչակելու նպատակով թանգարանը կթողարկի հուշանվերներ, որոնք կարելի է ձեռք բերել թանգարանի տաղավարից:
Լիանա Կարապետյան