Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանում կանցկացվի տոնական միջոցառումների շարք
SocietyՄարտի 20-ին աշխարհի ֆրանկոֆոն համայնքը նշում է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը: Այդ կապակցությամբ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը մարտի 15-30-ը կազմակերպում է «Ֆրանկոֆոնիայի 15 օրերը» տոնական միջոցառումների շարքը:
15 օրվա ընթացքում անցկացվելիք միջոցառումներն անդրադառնալու են տարբեր ոլորտների՝ կինո, գրահրատարակչություն, էկոնոմիկա եւ այլն: Այս տարվա կենտրոնական թեմա են ընտրվել նորագույն եւ թվային տեխնոլոգիաները, որին նվիրված են լինելու միջոցառումներից 5-ը՝ էլ-հարթակին նվիրված համաժողով, համացանցի բառապաշարի վերաբերյալ ֆրանսերեն լեզվի մրցույթ, սմարթֆոնների համերգ եւ այլն:
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն լիահույս է, որ միջոցառումների շարքը մեծապես կնպաստի ֆրանսերենի դերի եւ նշանակության բարձրացմանը հայ հասարակության շրջանում:
«Ֆրանկոֆոնիային նվիրված տոնակատարությունները Հայաստանում դարձել են բարի ավանդույթ: Արդեն մի քանի տարի է՝ Հայաստանում տոնվում է Ֆրանկոֆոնիայի օրը: Այս միջոցառումները միայն Ֆրանսիայի ուժերով չէ, որ անցկացվում են: Մեզ են միացել մի շարք հայաստանյան գործընկերներ, Հայաստանում հավատարմագրված Կանադայի, Շվեյցարիայի, Հունաստանի, Լիտվայի եւ Լիբանանի դիվանագիտական ներկայացուցչությունները:
Գիտեք, որ Հայաստանը որպես Ֆրանկոֆոնիայի կազմակերպության լիիրավ անդամ ստանձնել է այդ հանձնառությունը փորձել այսօր աշխարհում ընթացող գլոբալիզացմա ն այդ միալեզու տարբերակին առաջարկել երկընտրանք, այսինքն՝ ֆրանսերենի խթանումը:
Հայաստանը ցուցաբերել է ոչ նվազ կարեւոր մի պատասխանատվություն եւս՝ պատրաստակամություն հայտնելով հյուրընկալել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը 2018 թվականին, եւ ես հույս ունեմ, որ այն կկազմակերպվի պատշաճ կերպով»,- ասաց դեսպանը:
2017 թ. «Ֆրանկոֆոնիայի 15 օրերի» եւս մեկ առանձնահատկությունն է Ռուսաստանում Կանադայի դեսպանության հետ համատեղ կազմակերպված ֆրանկոֆոն ֆիլմերի փառատոնը, որն անցկացվելու է մարտի 20-26-ը՝ ներառելով բազմաժանր ֆիլմեր, կատակերգություններ, վավերագրական ֆիլմեր եւ այլն:
Մարտի 21-ին Gout de France միջոցառմանը 5 մայրցամաքից շուրջ 2000 ավագ խոհարարներ կներկայացնեն ֆրանսիական գաստրոնոմիան: Միջոցառմանը կմասնակցեն Երեւանի 6 ռեստորան: Հատկապես այս տարի ռեստորանային գործի մասնագետներ պատրաստող երկու՝ Երեւանի ֆրանս-հայկական մասնագիտական եւ Գյումրու Տիրամայր Հայաստանի վարժարանները կօգնեն դեսպանատան ավագ խոհարարին ճաշեր եւ կոկտեյլներ պատրաստելու գործում: