Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչը հանդիպել է Ստրասբուրգի համալսարանի ռեկտորի հետ
SocietyԵվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը մարտի 13-ին հանդիպում ունեցավ Ստրասբուրգի համալսարանի ռեկտոր Միշել Դենեկենի հետ, որի ընթացքում քննարկվեցին հնարավոր համագործակցության մի շարք ծրագրեր:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Միշել Դենեկենը դեսպանին տեղեկացրեց, որ Ստրասբուրգի համալսարանն ավանդական կապեր է պահպանում ՀՀ բուհական հաստատությունների, մասնավորապես՝ աստվածաբանության և քիմիայի ֆակուլտետների հետ: Ռեկտորը նաև խոսեց Ստրասբուրգի համալսարանում ուսումնառություն ստացող հայ ուսանողների մասին:
Պարույր Հովհաննիսյանը գոհունակությամբ արձանագրեց, որ հայ-ֆրանսիական բազմաոլորտ համագործակցության ամենադինամիկ ճյուղերից մեկը գիտակրթական ոլորտն է` շահագրգռվածություն հայտնելով Ստրասբուրգի համալսարանի հետ այդ ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման վերաբերյալ:
Զրուցակիցները պայմանավորվեցին աշխատանքներ տանել ակադեմիական շրջանակների և վերլուծական կենտրոնների մասնակցությամբ գիտաժողովներ և կլոր սեղաններ կազմակերպելու ուղղությամբ: