Ոստիկանության շտաբի պետն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության խորհրդատուին
SocietyՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը մարտի 14-ին ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության իրավական հարցերով խորհրդատու Քսենիա Դաշուտինային: Այս մասին տեղեկացանք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, որի հաղորդագրության մեջ նաև նշված է. «Հովհաննես Քոչարյանը հյուրերին հակիրճ ներկայացրեց ՀՀ ոստիկանության խնդրիներ ն ու գործառույթները Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների ընթացքում, ինչպես և «Ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույցը»:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ տիկին Դաշուտինան մի շարք հարցադրումներ ներկայացրեց՝ կապված նախընտրական շրջանում արձանագրված իրավախախտումների և դրանց քննության գործող մեխանիզմների վերաբերյալ, ինչի մասին տրվեցին սպառիչ պատասխաններ:
Հովհաննես Քոչարյանը հավաստիացրեց, որ ոստիկանությունը օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում կձեռնարկի բոլոր միջոցները իրավախախտումները բացառելու, օրենքի գերակայությունն ապահովելու, քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար:
Հանդիպմանը քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս»: