Սարի թաղի գործով կալանավորված Կարեն Վանոյանը հացադուլ է հայտարարել
SocietyNEWS.am-ը գրում է.
Սարի թաղում հուլիսի 19-ի դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորված 10 բանտարկյալներից Կարեն Վանոյանը այսօր` մարտի 14-ին, հացադուլ է հայտարարել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Կարեն Վանոյանի մայրը` Շուշանիկ Գալստյանը:
Նրա խոսքով` այս գործով եւս մեկ բանտարկյալ պատրաստվում է երկուշաբթի օրվանից հացադուլ հայտարարել. «Երկուշաբթի օրվանից Էդուարդ Զեյթունյանը նույնպես պատրաստվում է հացադուլ հայտարարել: Նրանց պահանջը մեկն է` ազատ արձակել Սարի թաղի 10 բանտարկյալներին»:
Վանոյանը տեղափոխվել է առանձնախուց եւ գտնվում է բժիշկների հսկողության տակ:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սարի թաղի բնակիչներ Հարություն Թորոսյանը, Հրայր Իսախանյանը, Անդրանիկ Քյոսեյանն, Էդուարդ Զեյթունյանը ու Կարեն Վանոյանը 2016թ. հուլիսի 19-ին ժամը 20.00-ի սահմանում Մովսես Խորենացի փողոցին հարող` Գլինկա եւ Որմնադիրների փողոցների հատման վայրում մի խումբ անձանց հետ, առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ համարվող ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողների նկատմամբ: Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով: Բոլորն էլ կալանավորված են:
Կալանավորվածների հարազատները մինչդեռ պնդում են՝ նրանք ընդամենը պահանջել են, որ իրենց հոսանքն ու ջուրը միացնեն, բացեն փակ ճանապարհները: