Հայաստանն առաջարկել է Իրանին ստեղծել համատեղ ներմուծող և արտահանող ընկերություն
EconomicsԵվրասիական տնտեսական միության անդամ երկրների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ժամանակավոր ազատ առևտրի համաձայնագրի կնքման ուղղությամբ հերթական խորհրդակցություններ են անցկացվել. մարտի 12-14-ը Թեհրանում: Խորհրդակցությանը մասնակցում էին Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչները:
Հայկական կողմի պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը: Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են համաձայնագրի նախագծի տեքստը, ինչպես նաև Համաձայնագրին կից այն ապրանքների ցանկերը, որոնց համար կողմերը առաջարկում են կիրառել սակագնային արտոնություններ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Խորհրդակցությունների արդյունքում կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները՝ նպատակ ունենալով տեսանելի ապագայում ստորագրել նշված ժամանակավոր հանաձայնագիրը:
Թեհրանում անցկացված խորհրդակցությունների ընթացքում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ, Առևտրի զարգացման կազմակերպության նախագահ՝ Մոջթաբա Խոսրոթաջի և ԻԻՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ալի Աքբար Մեհրֆարդի հետ: Հանդիպումների ընթացքում իրանական կողմին առաջարկվել է ստեղծել հայ-իրանական համատեղ ներմուծող/արտահանող ընկերություն, որը կնպաստի Հայաստանից Իրան ապրանքների արտահանմանը, ինչպես նաև Հայաստանի հա մար արտոնյալ ռեժիմ ունեցող շուկաներ իրանական ապրանքների արտահանմանը: Իրանական կողմը ողջունելով ներկայացված գաղափարը, առաջարկել է քննարկել իրականացման հնարավոր մեխանիզմները: