ՓՊ ներկայացուցիչները իրենց կառույցի վերաբերյալ քննդատությունները անհիմն են համարում
SocietyՀՀ փաստաբանների պալատում չկա որևէ խնդիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարտի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանանակ նման կարծիք հայտնեցին Փաստաբանների պալատի անդամներն՝ անդրադառնալով պալատի վերաբերյալ լրատվամիջոցներում տեղ գտած քննադատություններին:
Հաշտարարություն ինստիտուտի հիմնադիրներից Հայկ Հովհաննիսյանը նշեց, որ Փաստաբանների պալատը տարիների ընթացքում մեծ զարգացում է ապրել:
« Փաստաբանների պալատը դարձել է բավականին թափանցիկ ինստիտուտ: Այս կառույցի աշխատանքից գոհ ենք և միշտ զգում ենք նրանց կողմից աջակցությունը»,- ասաց Հովհաննիսյանը:
«Կոնցեռն դիալոգ» փաստաբանական ընկերության տնօրեն Սեդրակ Ասատրյանի խոսքով` որոշ մարդկանց դժգոհությունները պալատի վերաբերյալ անհիմն են:
« Մեզ ամեն օր հարցնում են՝ ի՞նչ է կատարվում փաստաբանների պալատում: Ասեմ՝ փաստաբանների պալատում ոչ մի բան չի կատարվում: Նորմալ, ընթացիկ գործընթացներով առաջ ենք շարժվում: Փաստաբանների 99 տոկոսը բնականոն աշխատում են»,- ասաց «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական ընկերության տնօրենը:
Փաստաբան Թաթուլ Խուդատյանը նշեց, որ որոշ փաստաբանների հրապարակային հայտարարությունները առաջին հերթին վնասում են հենց իրենց՝ փաստաբանական համայնքի հեղինակությանը:
«Մեկ-երկու մամուլի ասուլիսով 1700-ից ավելի փաստաբանների կախվածության վերաբերյալ հասարակության մեջ կարծրատիպի ստեղծելն առաջին հերթին հարվածում է հենց ամբողջ փաստաբանական ինստիտուտին»,- ընդգծեց Խուդատյանը: