ՊԵԿ-ը հավաստագիր է հանձնել բիզնեսի 16 ներկայացուցչի
EconomicsՊետական եկամուտների կոմիտեն շարունակում է տարբերակել օրինապահ հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը հավաստագրեր է հանձնել ևս 16 տնտեսվարողի: «Օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագրերի շնորհման երրորդ փուլում դիմում ներկայացրած 25 հարկ վճարողից 9-ը չեն համապատասխանել սահմանված չափանիշներին: Փետրվարի 22-ից մինչև մարտ ի 14-ը հավաստագրի ստացման համար դիմած ևս 22 հարկ վճարողների դիմումները գտնվում են ուսումնասիրության ընթացքում:
Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում են ներկայացրել 99 տնտեսվարողներ, որոնցից 54-ի դիմումը բավարարվել է, 23-ինը՝ մերժվել, իսկ 22 դիմում գտնվում է ուսումնասիրության փուլում: Արտասահմանյան կազմակերպություններին ծրագրավորման ծառայություններ մատուցող ընկերության հիմնադիր Նարեկ Հարությունյանը կարևորում է ՊԵԿ-ի կողմից օրինապահ հարկ վճարողներին առանձնահատուկ ուշադրության ցուցաբերումը. «Միջազգային շուկայում բիզնես գործունեություն ծավալելիս մեծ դեր ունի գործընկերոջ հեղինակությունը: Հետևաբար հավաստագրի առկայությունը դրական կանդրադառնա հայաստանյան ընկերության նկատմամբ վստահության մեծացման և բիզնես հարաբերությունները կայուն հեռանկարի համար կառուցելու գործում»:
Միջազգային բեռնափոխադրումներով զբաղվող ընկերության տնօրեն Աննա Պետրոսյանի դիտարկմամբ, գնահատված լինելը մեծ առավելություն է. «Հավաստագրի հանձնումը մեկ անգամ ևս փաստեց, որ օրինապահությունը խրախուսվում է մեր երկրում, և պարտավորեցնում հետագայում ևս օրենքով առաջնորդվել»: Հաշվապահական կենտրոնի գործադիր տնօրեն Լիլիթ Շահնազարյանի կարծիքով, իրենց ընկերությունը, միջանկյալ օղակ լինելով պետության և բիզնեսի միջև, հավաստագիր ստանալով օրինակ է ծառայում գործընկեր կազմակերպությունների համար. «Նրանք մեծ ոգևորությամբ սպասում են՝ երբ ենք իրենց դիմումները ներկայացնելու կոմիտե, որպեսզի ստանան իրենց օրինավոր գործելաոճը հավաստող փաստաթուղթ: Ակնհայտ է, որ հարկ վճարելը պատվաբեր է, հատկապես, երբ գնահատվում է պետության կողմից»: Լիլիթ Շահնազարյանի համոզմամբ, օրինապահ տնտեսվարողի գործելաոճը վարակիչ է լինելու:
ՑԱՆԿ
Օրինապահ հարկ վճարողների
«ՆԱՆԻԿՈ»
«ԽԱՅԱԹ ՔՈՄՓԱՆԻ»
«ԵՎՐՈՄԵԴ»
Ա/Ձ ՎՐԵԺ ՂԱԶԱՐՅԱՆ
«ՍՏԱՆԴԱՐՏՍԵՐՎԻՍ»
«ԵՎՐՈՏՐԱՆՍ»
«ԵՎՐՈ ԱՅԹԻ»
«ՎՐՈ»
«ՎԵՆԿՈՆ»
«ԱԼՏ ԴԻԶԱՅՆ»
Ա/Ձ ՏԻԳՐԱՆ ՄԱԴՈՅԱՆ
«ԷԼ ՖՈՐ» ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ»
«Գ ԸՆԴ ԷԼ ԿԱՊԻՏԱԼ»
«ԳՏԳՏԻԿ»
«ՍՈՖԹՀԵՆՋ»
«ԱՐԻԴԵՍ»